ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի այն գրառմանը, որ այս տարի ունենալու ենք 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ:
«Կանխատեսումները համավարակի ազդեցության և, հատկապես, պատերազմական գործողությունների արդյունքում մի փոքր ավելի վատն էին, բայց մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել, և սա շատ դրական երևույթ է: Սրանով կարող ենք ասել, որ ՀՀ-ում մակրոտնտեսական վիճակը կայուն է, այսինքն՝ կա կայունություն, որը հնարավորություն է տալիս տնտեսության մինիմում մակարդակ ապահովել, ինչից էլ գեներացվում են հարկերը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, մանրածախ առևտուրը և վերջնական սպառումն են, որ հիմնականում ակտիվությամբ աչքի են ընկել այս ընթացքում՝ նշեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ կարգապահությունն ավելի բարձր է, քան շրջանառության հարկ վճարողների մոտ:
Նրա խոսքով՝ չնայած 2020-ի մարտից տնտեսության բազմաթիվ ճյուղեր պարալիզացված են համավարակի պատճառով, սակայն տնտեսության մյուս ճյուղերի հարաբերական կայունության ապահովմամբ հնարավոր է եղել ապահովել, գեներացնել հարկային պարտավորություններն ու դրա կատարողականը:
2020 թվականի 10 ամիսների հարկային եկամուտների հավաքագրումն արդեն իսկ կազմել է 1 տրիլիոն 134.8 միլիարդ դրամ, որից 1 տրիլիոն 19 միլիարդ դրամը զուտ հարկային եկամուտներն են, 228 միլիարդ դրամը՝ մաքսային գծով վճարումները, և 2019 թ. 10 ամիսների համեմատությամբ տարբերությունը կազմում է ընդամենը 61 միլիարդ դրամ:
Հովհաննիսյանի խոսքով՝ տարբերությունը մտահոգիչ չէ, քանի որ 2019-ին տրանսպորտային միջոցների մեծածավալ ներկրման արդյունքում մաքսային վճարներն ավելի շատ են կազմել: