Հայաստանին աջակցություն՝ կորիդայի երկրից. Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Հայաստանում է՝ անձամբ տեսնելու թուրք-ադրբեջանական վայրագությունները:
Ջոն Ինյարիտու (Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր) - Գորիսում այցելեցինք փախստականներին ու հոսպիտալ, հանդիպել ենք քաղաքացիներին, շատ վատ իրավիճակ է, կարծում եմ՝ միջազգային հանրությունն ու տարբեր երկրների իշխանությունները պարտավոր են կանգնեցնել այս դաժանությունը: Պետք է օգնել Արցախին՝ որոշելու իրենց սահմանադրական ապագան: Լուծում գտնելու ժամանակն է:
Լուծում գտնելու առաջարկով Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին արցախյան իրավիճակն ու պատմական անցյալը նկարագրող գրավոր առաջարկ է ներկայացրել՝ հստակ պնդումներով՝ եվրոպական միության կառույցներում աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ,
ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին, խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:
Իսկ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի այս ավերածություններից հետո Երևան հասած 600 ընտանիքի կօգնի իսպանական միջազգային զարգացման գործակալությունը: Մինչև այդ Իսպանիայում չեն լռում բողոքի ձայները:
Վալենսիայում հայերը պահանջում են իշխանությունից դադարեցնել զենքերի վաճառքը Թուրքիային, չլռել՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի ու միանալ իսպանական քաղաքներին, որոնք դատապարտել են ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը։