Արցախի մայրաքաղաքի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել ճեպազրույց, որին մասնակցել է նաև Եգիպտոսի «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆին:
Շաֆին նշեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին առավոտյան տեղեկություն են ստացել, որ Ադրբեջանը հարձակում է գործել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վրա, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա:
«Չեմ հավատում, որ որևէ կառավարություն աշխարհում իրավունք ունի որոշելու, թե Արցախի Հանրապետությունում մարդիկ ինչպես ապրեն և ինչպես ինքնակողմնորոշվեն: Ըստ իս՝ ՄԱԿ-ի ոչ մի բանաձև, աշխարհում գոյություն ունեցող ոչ մի կառավարություն չեն կարող որոշել այստեղ ապրելու կամ չապրելու ձեր իրավունքը, այդ իրավունքը պատկանում է ձեզ: Արցախի ժողովուրդն անկախ ապրելու իր որոշումը կայացրել է և պատրաստ է պայքարելու այդ որոշումը կյանքի կոչելու համար, ընդ որում՝ մինչ մահ»,- նշեց «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավարը:
Շաֆին անդրադարձավ ռազմական հանցագործություններին, որոնք գործվում են պատերազմի դաշտում և բացարձակ կարևոր չէ, թե հանրապետությունը ճանաչված է, թե ոչ, այստեղ ապրողները մարդիկ են, որոնք ունեն պաշտպանված լինելու իրավունք:
«Մենք քայլել ենք ձեր փողոցներով, տեսել ենք այն հիվանդանոցները, որոնք հրթիռակոծվել են, տեսել ենք հրթիռակոծված եկեղեցիները: Ինչ այստեղ ենք, յուրաքանչյուր 15 րոպեն հրթիռակոծության տակ ենք: Ինձ համար զարմանալի էր, որ այս ռազմական հանցագործությունների համար որևէ մեկին պատասխանատվության չեն կանչում և միջազգային հանրությունում որևէ մեկը լրջագույն քայլ չի ձեռնարկում այդ ոճրագործությունների դեմ պայքարելու համար»,- նշեց Շաֆին:
Եգիպտոսի «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը թվարկեց իր արձանագրած ռազմական հանցագործությունները. առաջին հերթին՝ հարձակումներ քաղաքացիական անձանց վրա, որ տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով: Երկրորդ հանցագործությունը հիվանդանոցների, այդ թվում՝ ծննդատան, եկեղեցիների, ապաստարանների և քաղաքացիական անձանց տների վրա տեղի ունեցած հարձակումներն են:
«Հավատքի պաշտանմունքի կետերը չպետք է լինեն ռազմական թիրախում՝ ո՛չ եկեղեցին, ո՛չ մզկիթը, ո՛չ սինագոգը: Անընդունելի է ավելի քան 4 հազար ահաբեկիչների արտահանումը Սիրիայից, Իրաքից, Պակիստանից տարածաշրջան: Այլ ռազմական հացագործություն է արգելված զինատեսակների օգտագործումը, դրանք են՝ կասետային և ֆոսֆոր պարունակող ռումբերը: Նմանատիպ զենքերը պարզապես չպետք է օգտագործվեն: Ինձ համար այլևս ակնհայտ է, որ Արցախի Հանրապետությունը պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ»,- նշեց Մաջեդ Էլ Շաֆին:
Շաֆին նշեց, որ Ադրբեջանը ժողովրդավար երկիր չէ, ձերբակալվում և բանտարկվում են լրագրողներ, պետական մակարդակով վերահսկվում են սոցցանցերը, բռնությունների և ճնշումների են ենթարկվում ընդդիմադիրները:
«Իմ հարցը հետևյալն է. եթե իրենք ժողովրդավար երկիր չեն, ինչո՞ւ եք ուզում, որ տիրեն ևս մեկ ժողովրդի, որին պատրաստվում են ճնշել»,- նշեց միջազգային կազմակերպության ղեկավարը՝ կոչ անելով կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: