Ստեփանակերտի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Եգիպտոսի «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆին անդրադարձել է մուսուլմանական աշխարհում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի ընկալումներին:
«Հայաստանը հավատում է, որ կարող է խաղաղ ապրել մուսուլմանական ժողովուրդների հետ, որովհետև դուք Ադրբեջանի հետ կռիվը կամ պատերազմը չեք դիտարկում որպես կրոնական պատերազմ: Սա գոյատևման պայքար է, սա պայքար է հանուն ձեր հողի, ձեր ինքնության ու ձեր ժառանգության»,- ասել է Շաֆին:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի հավաստմամբ՝ սա միջկրոնական պատերազմ է հակառակորդի, մյուս կողմի համար: Հետևաբար, եթե հայ ժողովուրդը հետևի արաբական լրատվամիջոցներին, մուսուլմանական պետություններին, ապա կտեսնեք, որ նրանք դա ներկայացնում են որպես սրբազան պատերազմ, որպես միջկրոնական պայքար: Հենց այս համատեքստում էլ նրանք կարողանում են ահաբեկիչներ ներգրավել Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից:
«Ես այստեղ էի նաև 2016-ի պատերազմի ժամանակ: Ամեն անգամ երբ գալիս եմ Լեռնային Ղարաբաղ, միշտ պատերազմ է: Այնտեղ են եղել թալիբներ Աֆղանստանից ու գրոհայիններ Չեչնիայից»,- նշել է Մաջեդ Էլ Շաֆին:
Եգիպտոսի իրավապաշտպան կազմակերպության ղեկավարն ընդգծել է. «Դուք հիանալի հարաբերություններ ունեք մուսուլմանական երկրների հետ, ինչպես ձեր հարևան Իրանն է, Եգիպտոսը, Լիբանանը, Սիրիան: Բոլոր այս երկրներում հայկական համայնք կա: Հայոց ցեղասպանության տարիներին այդ երկրները ապաստան են տվել հայերին, և ձեր համակեցությունը խաղաղ է եղել: Այնուամենայնիվ, հակառակ կողմն այս պայքարն ընկալում է որպես միջկրոնական պատերազմ»: