Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքում այսօր հյուրընկալվել էին մի խումբ արցախցի երեխաներ, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում: Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Երևանի մետրոպոլիտենի, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և «Սաֆիան» ընկերության համագործակցության արդյունքում արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպվել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ բեմադրվել է մանկական գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը»։ Ներկայացումը դիտելուց հետո երեխաները ծանոթացել են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հիմնադրման ու զարգացման պատմությանը։
Ճանաչողական շրջայց կատարելով մետրոպոլիտենի կայարաններում՝ արցախցի երեխաները գոտեպնդող նամակներ են գրել իրենց եղբայրներին, հայրերին, հորեղբայրներին և մորեղբայրներին՝ գցելով մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում տեղադրված «Նամակ զինվորին» արկղի մեջ, որոնք էլ ուղարկվելու են առաջնագիծ։