35-ամյա արցախցի կինն Էջմիածնի ծննդատանը 8-րդ երեխան է ունեցել։ Նորածին արցախցին բազմազավակ մայրիկի 6-րդ տղան է՝ երկու դուստրերի կողքին։ Երեխան առողջ է՝ 3 կգ 570 գրամ քաշ ունի, հասակն էլ կես մետրից ավելի է։
Մերի Խեչումյան (բազմազավակ մայր) - Կարգին բոյ ու քաշ է՝ իր նախագահի նման...
Մերին երեխաների հետ Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 13-ին։ Հրթիռակոծումներից մազապուրծ՝ Էջմիածին են հասել՝ չզգալով նույնիսկ անվերջ թվացող ճանապարհի դժվարությունները։ Միակ ցանկությունը, որ մտքում կրկնել է՝ երեխաներին կրակի գոտուց հեռացնելն է։ Ամուսնուն չի էլ հասցրել հրաժեշտ տալ։ Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է առաջնագիծ՝ երեխաների անվտանգությունը վստահելով հղի կնոջը։ 8-րդ երեխայի ծնվելու մասին հայրիկն իմացել է մարտի դաշտում։
Մերի Խեչումյան - Շատ ուրախացավ, որ տղա ենք ունեցել, անունը մեր նախագահի պատվին դրել ենք Արայիկ, ասաց՝ կուզեմ, որ երեխան խաղաղություն բերի։
Ի սկզբանե այլ անուն են ընտրել, բայց ամուսիններն Արցախի նախագահին այնքան շատ են սիրում, որ որոշել են երեխային կոչել նրա անունով։ Մերին ուզում է իր 8-րդ ու վերջին երեխան ժպտադեմ լինի՝ նախագահի պես։ Բայց հաստա՞տ վերջին...
Բազմազավակ մայրը հպարտ է, որ ամուսնուց բացի ևս 6 զինվոր ունի տանը։ Բայց, ասում է՝ իմ տղաները խաղաղության զինվորներ են։ Մեկը մեկից ճարպիկ, մեկը մեկից ուժեղ։ Էջմիածնի մանկավարժահոգեբանական կենտրոնում, որտեղ տեղավորվել են խաղաղության զինվորները, փոքրիկ Արայիկին գրկաբաց են սպասում։
Եթե երեխան Արցախում ծնվեր՝ ավագ քույրերն ու եղբայրները տորթով, փուչիկներով ու բարձր երաժշտությամբ կդիմավորեին․ այստեղ նման շռայլության չեն գնա։
Երեխաներից մեծը Մելինեն է՝ 16 տարեկան է։ Ծրագրավորող դառնալու նպատակ ունի, բայց քանի դեռ պատերազմ է, ուսումը շարունակելու մասին կմտածի ավելի ուշ։ Հիմա մայրիկին կօգնի՝ մեծացնել նորածին եղբորը։
Բազմազավակ մայրիկը կուզեր, որ հոգևոր մայրաքաղաքում ծնված տղային հենց այստեղ էլ մկրտեր, բայց ամուսնու հետ դեռ չի խորհրդակցել։ Վստահ է՝ գաղափարը նրան դուր կգա։