Հայաստանում գտնվող իսպանացի կոնգրեսական Ջոն Ինյարիտուն կարծում է՝ անհրաժեշտ է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ըստ իսպանացի պատգամավորի՝ դա պետք է ոչ միայն Հայաստանին ու Արցախին: Ինյարիտուի հետ զրուցել է Սոնա Աղբալյանը:
- Բարի երեկո, պարոն Ինյարիտու, բարի գալուստ մեր երկիր: Այս օրերին հայերին ամենաշատը հետաքրքրող հարցն այն է, թե որ երկրներն են պատրաստ ճանաչել Արցախի անկախությունը: Իսպանիան կլինի՞ այս ցանկում:
- Տա Աստված: Երանի Իսպանիան, ԵՄ մյուս երկրներն էլ, կարողանան այս քայլին դիմել: Արդեն 30 տարի է՝ Ադրբեջանը պատրաստ չէ ընդառաջել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Ադրբեջանը, օգտվելով այս ծանր իրավիճակից, հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը՝ ժողովրդին, որն ուզում է ապրել խաղաղ և ժողովրդավարական երկրում: Կարծում ենք, որ սա նույնն է, ինչ կատարվում է այսօր ամբողջ աշխարհում: Իհարկե, այստեղ դեպքերն ավելի ծանր են, բայց սա պատուհասել է նաև աշխարհի մյուս երկրներին: Բայց կարող ենք հաշվի առնել Կոսովոյի դեպքը, որ «անջատում հանուն փրկության» բանաձևի օրինակ է, որտեղ չեղան կողմնակալ որոշումներ, պարզապես ճանաչեցին Կոսովոն: Կարծում եմ, որ սա կարող է լավ աշխատել նաև Արցախի դեպքում: Սա շատ կարևոր քայլ կլինի խաղաղության հասնելու համար ոչ միայն Արցախում, այլև ամբողջ տարածաշրջանում և Հարավային Կովկասում: Կարծում եմ, որ սա կարող է օգնել:
- Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս հակամարտության լուծումը:
- Սա շատ բարդ իրավիճակ է, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է․ ադրբեջանական կողմը չունի կամք՝ ճանաչելու Արցախի քաղաքացիների սահմանադրական իրավունքը. այն է՝ իրենց ապագան որոշելու իրավունքը: Նրանք չեն ընդունում ազատ, խաղաղ երկրում ապրելու, ինքնորոշվելու նրանց իրավունքը, ինչպես դա անում են աշխարհի և տարածաշրջանի շատ այլ ժողովուրդներ: Բացի այդ, այս պահին առերեսվում ենք քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ աննախադեպ ագրեսիայի: Մենք հիմա մարդասիրական ճգնաժամ ենք ապրում: Ավելին՝ ստիպված եմ ավելի խիստ բառ օգտագործել. դուք հիմա ենթարկվում եք ցեղասպանության: Սա էթնիկ զտում է, որ արդեն շատ անգամներ են փորձել անել այս ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործել և գործել շատ արագ, որովհետև անհապաղ պետք է կանխել ևս մի հսկայական ողբերգություն:
- Իսպանիան Եվրոպական միության՝ Թուրքիային ամենաշատ զենք վաճառող երկիրն է: Այս օրերի՞ն էլ է շարունակվում զենքի վաճառքը:
- Ցավոք, ճիշտ եք: Թուրքիան Իսպանիայից ամենաշատ զենք գնող երկիրն է...
- Նաև Ադրբեջանը...
- Անցած շաբաթ խորհրդարանականները, որոնց միացել են նաև բասկերի երկրի մեր գործընկերները, կառավարությունից պահանջել են, որ, հատկապես աշխարհում սանիտարական ճգնաժամի պայմաններում, գոնե այս շրջանում, դադարեցնեն այդ երկրներին զենքի մատակարարումը: Նախորդ շաբաթ խորհրդարանում մենք ունեցանք նաև մտքերի փոխանակում և ներկայացրինք մեր տեսակետները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի ղեկավարած պետությունը ոչ միայն հարվածում է Արցախին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին՝ Միջերկրականից մինչև Կովկաս: Եվ ստեղծված իրավիճակի մեղավորը Թուրքիան է։ Կարծում եմ, որ, քանի դեռ շարունակվում է ԼՂ հակամարտությունը, պետությունները պետք է կոշտ գործելաոճ որդեգրեն և դադարեցնեն զենքի վաճառքն այդ երկրին: Ակնկալում եմ, որ Իսպանիան և ԵՄ այլ երկրներն արմատապես դադարեցնեն ցանկացած զենքի վաճառք այս երկրներին:
- Դուք իսպանացի այն պատգամավորն եք, որ ամենաշատն է աջակցում հայերին: Նախ՝ շնորհակալ եմ: Ի՞նչ այլ նախաձեռնություններ ունեք Հայաստանի հետ կապված:
- Իհարկե, ես ծագումով բասկերի երկրից եմ, սա Եվրոպայի ներսում մի տարածք է, մի ազգ, որը շատ մեծ համակրանք ունի հայերի և հայկական հարցի նկատմամբ: Մենք երկարամյա հարաբերություններ ունենք ոչ միայն Հայաստանի և Արցախի հետ, այլև ձեր սփյուռքի հետ, որ կա Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Հիմա ակնհայտ է, որ շատ երկրներ՝ հատկապես Իսպանիան, աջակցություն են հայտնում Հայաստանին: Հենց դրա համար ենք հիմա այստեղ, նաև՝ Իսպանիայի Կոնգրեսում մեծամասնություն կազմող կուսակցության պատգամավորը: Մի բան, որ շատ նշանակալից է և կարևոր քայլ է:
- Ձեր այցի ընթացքում ականատես եղաք, որ Ադրբեջանը նորից արգելված զենք է օգտագործում, այս անգամ՝ քիմիական: Խոսքը սպիտակ ֆոսֆորի մասին է: Պատրաստվո՞ւմ եք Իսպանիայի իշխանությանը հայտնել սրա մասին:
- Հենց երեկ Գորիսում էի, հանդիպեցինք Արցախից՝ Լեռնային Ղարաբաղից եկած մարդկանց հետ, նրանք պատմում էին իրենց տեսածը, նրանք հանդիպեցին բժիշկների հետ, այրվածքներ ունեին․ դրանք քիմիական զենքի հետևանքներ էին: Զենք, որ արգելված է, և տարբերություն կար սովորական զենքից այրվածքների և քիմիական զենքի վնասների միջև:
- Եվ միջազգային հանրությունը նորից լռում է:
- Ինձ մոտ էլ է այդ տպավորությունը: Տպավորություն, որ միջազգային հանրությունը միշտ ուշ է արձագանքում: Այն միշտ սկսում է գործել այն ժամանակ, երբ դրաման արդեն պատահել է: Հիմա պատերազմ է, որտեղ կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, և ամեն ինչ տեղի է ունենում վայրկյանների ընթացքում: Բայց մի գործիք էլ կա՝ սոցիալական մեդիան, որը շատ արագ կարող է լուրը տեղ հասցնել: Եվ վայրկյանների ընթացքում մենք տեղեկանում ենք, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություն է գործել: Միայն մենք չէ՝ ՄԱԿ-ն էլ է դա տեսնում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար տիկին Բաչելետն էլ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում հրետանային հարվածները կարող են ռազմական հանցագործություններ լինել: Կարծում եմ, որ այս դեպքում միջազգային հանրությունը պետք է արագ գործի՝ կանխելու համար ևս մեկ դաժանություն, որի ականատեսն ենք լինում այս օրերին: Միայն այդպես կարող ենք խուսափել ավելի մեծ ողբերգությունից:
Բոլոր երկրների իշխանությունները պետք է արձագանքեն, նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն այստեղ թեև մեծ դերակատար երկիր է, բայց շարունակում է օգտագործել բոլոր կոնվենցիաներով արգելված զենք: Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվում են գնդակոծվել քաղաքացիական բնակչությունը, ոչ ռազմական նշանակության ենթակառուցվածքները: Սրանք ոչ այլ ինչ են, քան ռազմական հանցագործություններ: Եվ պետք է շատ արագ գործել, որպեսզի կարողանանք կանխարգելել էլ ավելի մեծ դաժանություն: Գորիսի կողմից տեսանք ամպի մի մեծ ծուխ, հետո պարզվեց, որ դա Լաչինի կողմից էր: Լաչինում սպիտակ ֆոսֆոր են կիրառել՝ չհաշված բնապահպանական աղետը, ինչը շատ դժվար է լինելու հաղթահարել:
- Ո՞րն էր Հայաստան Ձեր այցի նպատակը: Եվ Արցախ այցելեցի՞ք:
- Այս այցը, որ տարբեր մարդկանց՝ պատգամավորների, լրագրողների, ռազմական փորձագետների մասնակցությամբ է, նպատակ ունի ուսումնասիրել, տեսնել, նաև խոսել այն ամենի մասին, ինչ տեսանք. զոհեր, տեղահանվածներ և ունենալ մեր սեփական վկայությունն այն կառույցներում, որտեղ աշխատում ենք, այն երկրներում, որտեղ ապրում ենք: Նպատակն այն է, որ այն, ինչ տեղի է ունենում, ստանա լայն արձագանք: Որովհետև այս պահին Ադրբեջանը, իր մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ, օգտագործում է պահը տարածաշրջանի վրա ազդեցություն ունենալու համար, քանի որ նաև համավարակ է աշխարհում, սանիտարական ճգնաժամ կա, և ամբողջ աշխարհն է շատ անհանգստացած այն ամենով, ինչ տեղի է ունենում: Հենց նույն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է ասել, որ բոլոր հակամարտությունները պետք է դադարեցվեն պանդեմիայի օրերին, իսկ Ադրբեջանը հակառակն է արել: Սա պետք է խաղաղություն հաստատելու և հակամարտությունը լուծելու պատճառ դառնար, մինչդեռ այն ագրեսիա հրահրելու և ևս մեկ ողբերգություն իրականացնելու կամք դրսևորեց: Քանի որ հիմա աշխարհը զբաղված է՝ մի մասը համավարակով, ԱՄՆ-ում, օրինակ, նախագահի ընտրություն է։ Եվ ինչու Ադրբեջանը հենց հիմա որոշեց հարձակվել Արցախի վրա․ նորից եմ կրկնում շատ կտրուկ բառով՝ որոշեց ցեղասպանություն իրականացնել: Հենց դրա համար ենք կարծում, որ պետք է արագ գործել:
- Վերջին հարցը: Ինչ-որ ուղերձ, ավելացնելու բան ունե՞ք՝ նաև լռող միջազգային հանրությանը:
- Կարծում եմ, որ Արցախի անկախության ճանաչումը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը շատ կարևոր են, քանի որ կարող են կանխել ոչ միայն այն դաժանությունները, որ այս օրերին ապրում է ժողովուրդը, բայց կարևոր է նաև, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Եվ այդ խաղաղությունը պետք է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, նաև Ադրբեջանի ժողովրդին, ամբողջ Կովկասին: Հույս ունեմ, որ միջազգային հանրությունն այնքան ուժեղ կգտնվի, որ կձեռնարկի համապատասխան գործողություններ, որ խաղաղությունը պարտադրվի ու վերջնական լուծում տրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ու պետք է հաստատել, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու ու խաղաղ ապրելու սահմանադրական իրավունք ունի: