Լատվիայի նախագահի պատմական հիշողության և պատկանելիության հարցերով արտահաստիքային խորհրդական Յուրգիս Կլոտինշը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում այրվող անտառների մասին ինֆոգրաֆիկայով՝ տեղեկացրել են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:
Լատվիայի նախագահի խորհրդականն ինֆոգրաֆիկային կից նաև գրառում է կատարել.
«Արցախի անտառներն այրելը ահավոր ցինիկ քայլ է ադրբեջանական բանակի կողմից: Մի քանի օր առաջ հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես է դա արվել: Թող Ղարաբաղի բնակչությունը անսպառ ուժ ունենա, որպեսզի կարողանա հաղթահարել այս փորձությունը, չթողնի սարերը, որտեղ սերունդներով ապրել են իրենց նախնիները: Բացի այդ, Ղարաբաղի հայերի իրավիճակն ինձ հիշեցնում է այն, ինչ Ֆրանց Վերֆելը գրել է իր գրքի մեջ, որ նկարագրում է հայերի մարտերը Օսմանյան կայսրության ուժերի դեմ Մուսա լեռան վրա: Գիրքն օգնում է լավ հասկանալու հայկական պատմական իրավիճակը, և ինչքան է հայ ազգը կորուստ ունեցել ցեղասպանության ժամանակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում (Հ.Գ. հասել եմ 301-րդ էջին)»: