Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի երեք աշխատակից ազատվել է աշխատանքից, պատճառը՝ պատերազմական այս օրերին բացակայել են Արցախից՝ հակառակ վերադառնալու կոչերին:
«Արձագանքելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների վերաբերյալ և ըստ այդմ, վերջիններիս աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, հարկ ենք համարում հայտարարել, որ Արցախի Խորհրդարանն իր պատրաստակամությունն է հայտնում հանդես գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ անհրաժեշտության դեպքում հարցը տեղափոխելով նաև իրավական տիրույթ։
Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային ժողովի աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցներին, ովքեր նման ամոթալի պահվածք են դրսևորել, ժամանակ էր տրված, անհապաղ վերադառնալ Արցախ և լծվել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։
Ազգային ժողովից այդ պատճառով երեք աշխատակից՝ էդուարդ Բախշիյանը՝ 31 տարեկան, առաջատար մասնագետ, Կարեն Հարությունյանը՝ 22 տարեկան, օպերատոր, Գրիգոր Միրզոյանը՝ 22 տարեկան, վարորդ, արդեն իսկ հեռացվել են աշխատանքից»,- տեղեկացրել է Արցախի խորհրդարանի ղեկավարը։