Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, քաղաքագետ Ալան Լիխտմանը կանխատեսում է Ջո Բայդենի հաղթանակը։
Հաշվարկը նա կատարել է ոչ թե հիմք ընդունելով սոցհարցումները, որոնց պրոֆեսոր Լիխտմանն ավանդաբար թերահավատորեն է վերաբերվում, այլ հիմնվելով սեփական մեթոդի վրա։
Դեռևս նախորդ դարի 80-ականներին Լիխտմանը մշակել էր նախագահի ընտրությունների արդյունքը կանխատեսելու իր եղանակը։ «Սպիտակ տան բանալիները» գրքում շարադրելով իր տեսությունը՝ նա նշել է, որ հաղթելու համար պետք է ուսումնասիրել գործող նախագահի արդյունավետութունը։
Եթե 13 հիմնական կետերից առնվազն 8-ում գործող նախագահն արդյունավետ է, ուրեմն նա կհաղթի իր կուսակից թեկնածուին: Հակառակ դեպքում շահում է մրցակիցը։
«Լուրերի» թղթակցի հետ զրույցում Լիխտմանը նշել է, որ Դոնալդ Թրամփը չի հավաքում անհրաժեշտ քանակությամբ բանալիները։ Ամերիկացի պրոֆեսորը՝ միայն մեկ բացառությամբ, նախագահական ընտրությունների արդյունքները ճիշտ է կանխատեսել 1984-ից սկսած։ Ի դեպ, 2016-ին նա կանխատեսել էր Թրամփի հաղթանակը։
«Թրամփի պարտությունն ու Բայդենի հաղթանակն եմ կանխատեսում՝ հիմնվելով իմ 13 բանալիների սկզբունքի վրա։ Բանալիներն արտացոլում են Սպիտակ տանն իշխող կուսակցության արդյունավետությունը տնտեսության, արտաքին քաղաքականության, անձնական սկանդալների և այլ առումներով։ Թրամփն իր օգտին գրանցել է միայն վեց բանալի՝ պահանջվածից երկու հատ պակաս»,- նշել է Լիխտմանը։
Հավելենք, որ ըստ Լիխտմանի՝ այս ընտրությունները նախորդներից տարբերվում են համավարակի հետ կապված հեռավար քվեարկության և ընտրական գործընթացին կողմնակի միջամտության հնարավորության պատճառով։ Լիխտմանը կարծիք է հայտնել, որ այս նոր իրավիճակը կարող է ազդել օբյեկտիվ արդյունքների վրա։