Ալավերդին էլ միացել է «Հայաստան» համահայկական ու Զինվորների աջակցության հիմնադրամներին: Չեն սահմանափակվում միայն դրամահավաքով: Ալավերդու կարի արտադրամասը, չնայած վերջին ամիսներին չի աշխատել, սակայն հավաքվել ու բարեգործների աջակցությամբ զինվորների համար քնապարկեր, ծածկոցներ ու անկողնանյին պարագաներ է կարել:
Արևհատ Մանյան (կարող բանվորուհի) - Աշխատանքներն ավարտին հասցնենք, որ մենք էլ գնանք մեր տները, գոնե մի պահ հանգստանանք, որ հույսով լինենք, որ մեր զինվորը գոնե վիրավոր իրա վերքերը տաքացրել ա, ջերմացրել, որ զգան, որ իրանցից հետո գտնվում ենք իրանց կողքին:
Արթուր Շախկուլյանն էլ ընկերների հետ չաշխատող համակարգչային էլեկտրասնուցման սարքերից փոխարկիչներ է պատրաստում և հանձնում պաշտպանության բանակին:
Ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հայրենական այս նոր պատերազմի համար. սա է ալավերդցի դպրոցականների համոզմունքը, և այն իրականացնելու նպատակով ուսուցիչների օժանդակությամբ նոր հնարավորություններ են փնտրում ու նախաձեռնում:
Օվսաննա Իսրայելյան (թիվ 12 դպրոցի ուսուցիչ) - Մենք մի քանի ուսուցիչներով նախաձեռնեցինք այս փոքրիկ արշավը, այն կոչեցինք «Մեր ձեռքերով կառուցենք Արցախը»:
Երեխաները փոքրիկ կրպակ են բացել դպրոցի բակում, վաճառում են իրենց ձեռքի աշխատանքները: Գումարը ծառայելու է Արցախի վերականգնմանը: Ունեն նաև շրջիկ կրպակ. անցնում են թաղեթաղ, շենք առ շենք:
Սամվել Աբելյան (ալավերդցի դպրոցական) - Արդեն միք անի օր է՝ որ անում ենք այս նախաձեռնությունը և շրջում ենք Ալավերդու տարբեր թաղամասերով: Երեկ էլ Սանահին գյուղում ենք եղել:
Դիանա Մոսինյան (ալավերդցի դպրոցական) - Ճիշտ է` տարիքով փոքր ենք, բայց կարող ենք ինչ-որ բանով օգնել սահմանում կանգնած մեր զինվորներին:
Տասնամյա Արենն ու Գևորգն էլ սկսել են թղթի մակուլատուրա հավաքել, որպեսզի վաճառքից գոյացած գումարն ուղարկեն զինվորներին աջակցող հիմնադրամին:
Արեն Հախինյանն (ալավերդցի դպրոցական) - Մենք գրքերը տներից հավաքում էինք, որ գումարը հանձնենք զինվորներին, էն էլ լավ գրքեր կան, որոշեցինք գրքերը վաճառել, էլի գումարը հանձնել զինվորներին:
Արեն Հախինյանն - Ասում են, որ մենք շատ լավ բան ենք անում, ապագա զինվորներ ենք:
Գրքերը վաճառելուց ավելի շատ գումար է հավաքվել, քան եթե որպես մակուլատուրա հանձնեին:
Գևորգ Քարամյան (ալավերդցի դպրոցական) - Գումարը հավաքել ենք՝ 61000 դրամ, բայց ուղարկելու ենք վաղը:
Փոքրիկ քաղաքում էլ օրն սկսվում ու ավարտվում է պատերազմին աջակցելու գաղափարներով՝ ով ինչով կարող է, նաև հաղթանակի օրը հնարավորինս մոտեցնելու ցանկությամբ: