1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի դեպքերի քրոնիկոնը:
Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:
Պաշտպանն
ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ է արել միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և պատասխանատուներին պատժելու ուղղությամբ
Ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման անդամ սիրիացի երկրորդ վարձկանը
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 2020 թ. նոյեմբերի 2-ին վերջինս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով: Քննությունը շարունակվում է՝ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Դավիթ Բեկ համայնքի հրթիռակոծման հետևանքով մեկ քաղաքացիական անձ մահացել է, երկուսը վիրավորվել. ՀՀ դատախազություն
ՀՀ դատախազությունը հայտնել է, որ նշված բնակավայրում որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չէ։ Հրթիռակոծության հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ երկու կանայք, իսկ Կապան համայնքի բնակիչ Դավիթ Յուրիկի Հովհաննիսյանը (ծնված 1976 թ.) մահացել է։ Վերջինս զբաղված է եղել իր առօրյա գործերով, եղել է քաղաքացիական հագուստով և գտնվել է իր մեքենայի ղեկին։ Դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։
Հակառակորդի այսօրվա հարձակողական գործողությունները տապալվել են․ Հովհաննիսյան
«Ամբողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևելյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկել են լայնածավալ հարձակման փորձեր, որոնք բոլորն էլ տապալվել են: Ինչպես արդեն հայտարարել ենք, մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախատեսված հարձակումները տապալվել են, հետ են մղվել, որոշ ուժեր, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,- հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։Նրա խոսքով՝ վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնական ուղղությունում՝ Մարտունու, Հարավային հատվածում՝ տարբեր ուղղություններով հարձակումներ են ձեռնարկել, որոնք իրենց սաստկությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։
«Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը ձախողվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր զորամիավորմանը հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային բարելավումներ ունենալ։ Սակայն թշնամուն հաջողվել է Մարտունու ուղղությամբ վերցնել մեկ-երկու դիրք։ Մարտունուց հարավ՝ Ճարտար ուղղությամբ։ Հակառակորդի այսօրվա ամբողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալվել են»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կիրառվել են վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում՝ Դավիթ Բեկ համայնքն է ռմբակոծվել, և կա մեկ զոհ։
Ադրբեջանական կողմը կրակ է վարել Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, կա մեկ զոհ․ ՊՆ խոսնակ
«Այսօր՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել»,- ասված է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:
Հակառակորդի ագրեսիայի հետևանքները կրթության ոլորտի վրա. ԱՀ ՄԻՊ-ը ինֆոգրաֆիկա է հրապարակել
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում հրապարակել է ինֆոգրաֆիկա և նշել, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են 71 դպրոց ու մանկապարտեզ, իսկ արցախցի ավելի քան 28 հազար երեխա զրկվել է կրթություն ստանալու իրավունքից։
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ.
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները. համայնքի ղեկավար
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարի խոսքերը.«Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները:Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները: Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է մի խումբ կամավորականների
Տեսանյութ
Ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Մարտունին ու Մարտակերտը
Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է եղել: Այդ մասին տեղեկացրել են ԱՀ ԱԻՊԾ-ից, նշելով, որ «Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:
Ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում թեժ մարտերի ժամանակ հակառակորդը ջախջախվել է. ՊՆ խոսնակ
Նոյեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊԲ ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանա-արցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում: Մասնավորապես, ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան:Հայտնում են ԱՀ ՊԲ-ից։
10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանն ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները. վարչապետ
Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք: Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը, և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:
Հակառակորդի կորուստները. ինֆոգրաֆիկա
Ադրբեջանական կողմի կորուստներն այսօրվա դրությամբ կազմել են 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, 249 ԱԹՍ և 7050 զոհ:
ՊԲ ՀՕՊ-ը խոցել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն
Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը խոցել հակառակորդի հերթական ԱԹՍ-ն:
Արցախի ՊԲ-ն հայտնում է՝ ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ մարտական գործողություններ են ընթացել
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել՝ տեղեկացրել է ԱՀ ՊԲ-ն:
Պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և պատասխանատուներին պատժելու ուղղությամբ: