Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ամբողջ երկայնքով ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման բոլոր փորձերը տապալվել են: Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են: Առավոտյան, ժամը 7:00-ից սկսած, հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել։
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Այսօրվա հարձակումներն իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությամբ, մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություներ ունենալ:
Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք, դեպի հարավ՝ Ճարտար ուղղությամբ։ Չնայած նրան, որ մարտերը շարունակվում են, իրավիճակն, ըստ Հովհաննիսյանի, վերահսկելի է: Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և խոցվում հրետանու կրակով: Գերիների փոխանակման աշխատանքը, Հովհաննիսյանի խոսքով, չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը չունի փոխզիջման գնալու որևէ ցանկություն:
Արծրուն Հովհաննիսյան - Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈՒ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակներն այդպես մնում են։
Հադրութի գյուղերից մեկի հատվածում, հայկական դիրքերի ուղղությամբ, մեծաթիվ զորքի գրոհը հետ մղելիս ադրբեջանական զինուժը թողել մոտ 15 դի ու փախել: Հակառակորդն ակտիվորեն փորձում է կիրառել կրակային ներգործության որոշակի առավելությունը, հայկական զինուժը, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, գրագետ լուծում է իր առջև դրված մարտական խնդիրը՝ մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտում թշնամուն: