«Գանձասար-Կապանը» որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայում ու VBET Հայաստանի գավաթում՝ խնդրելով թիմի հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թիմի ֆինանսավորումը ուղղել բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։
«Բաց նամակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին
Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։
ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապանին» հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։
Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։
Սպորտը, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։
Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար:
Հարգանքներով՝
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմ»։