ՀՖՖ-ն հայտնել է, որ «Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունը, որն այսօր հայտարարություն էր տարածել, թե ակումբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայում ու VBET Հայաստանի գավաթում՝ խնդրելով թիմի հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թիմի ֆինանսավորումը ուղղել բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին, ֆեդերացիային պաշտոնապես այդմասին չի հայտնել։
«Այսօր՝ նոյեմբերի 3-ին, պետք է կայանար VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 01 կետի՝ մասնակից թիմերը պարտավոր են ժամանել մարզադաշտ խաղի նշանակված ժամից նվազագույնը 75 րոպե առաջ:
«Գանձասար-Կապան» թիմը չի ներկայացել խաղին: Ըստ ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 03 կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Խաղի մրցավարը և պատվիրակը պարտավոր են արձանագրել տվյալ փաստը այդ խաղի արձանագրությունում և պատվիրակի զեկույցում և ներկայացնել ՀՖՖ:
«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա» չկայացած հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի՝ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 36-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն:
Ավելացնենք, որ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մինչ օրս պաշտոնապես չի տեղեկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային VBET Հայաստանի պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու վերաբերյալ»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ: