Չի եղել դեպք, երբ տարվա ընթացքում երկու անգամ օրենքով վերանայված լինի պետական բյուջեն, և երկու անգամ էլ վերանայման պատճառ լինի ցնցումը, որ գնահատվել է այնպիսի ազդեցություն ենթադրող, որի դեպքում առանց պետական բյուջեի վերանայման, գործնականում անհնար կլիներ շարունակել բնականոն աշխատանքը՝ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Ըստ նրա՝ 2021թ. պետական բյուջեն էլ մշակվել է հենց այդ իրավիճակում:
«Ի տարբերություն նախորդ տարեվերջին համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ լավատեսական սպասումների, ըստ որոնց՝ ՀՀ-ում կանխատեսվում էր 5 տոկոսի շրջանակներում տնտեսական աճ, տարվա ընթացքում տեղի ունեցան տնտեսական զարգացումների կանխատեսումների վերանայումներ, և այդ սպասումները փոխվել են»,- ասաց Ջանջուղազյանը: Նախարարը շեշտեց, որ այժմ տնտեսական անկում է կանխատեսվում աշխարհի մի շարք երկրներում:
«Նպատակադրվել է տնտեսական աճի վերկանգնումը և պոտենցիալի մեծացումը։ 2021 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմել է 215 միլիարդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի 3.2 տասնորդական տոկոսը, ինչը գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար։ Այսինքն՝ մի փոքր ավելի բարձր շեմ է վերցված, քան մենք պատմականորեն միջինում կարողացել ենք կապիտալ ծախսեր իրականացնել»,- ասաց նախարարը։