Ադրբեջանական լրատվականների կողմից նոյեմբերի 1-ին ակտիվորեն տարածվում էր տեղեկություն, թե, իբր, ադրբեջանական զինված ուժերը սպանել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ըստ շրջանառվող լուրի՝ նախագահը եղել էր հակառակորդի կողմից ոչնչացված հայկական զինված ուժերին պատկանող ռազմական ավտոշարասյան մեջ։
Լուրը
հերքվեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի կողմից։ Վերջինս նշեց, որ նախագահը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հավելելով, որ կեղծ է ոչ միայն նախագահի մահվան, այլև ռազմական շարասյան ոչնչացման լուրը։
«Ռեալիստ» տելեգրամյան ալիքը, հղում անելով Մոսկվայում իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել Հայաստանում երկու ռուս սահմանապահի մահվան մասին: Ալիքի փոխանցմամբ՝ սահմանապահները զոհվել էին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով:
Անդրադառնալով քննարկվող լուրին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը հայտնեց, որ լուրը կեղծ է։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նոյեմբերի 2-ին թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել էր Reuters լրատվական գործակալության՝ «Չնայած Լիբանանում առկա խնդիրներին՝ տեղի հայերը մոբիլիզացվում են Ղարաբաղ գնալու համար» վերտառությամբ հոդվածով և նշել, թե այն հաստատում է օտարերկրյա վարձկաների, Սիրիայից և Լիբանանից ժամանած ահաբեկիչների ներկայությունը Հայաստանի ԶՈՒ շարքերում։
Ուսումնասիրելով հիշյալ
հոդվածը՝ պարզ է դառնում, որ այնտեղ որևէ խոսք չկա ո՛չ Լիբանանից կամ Սիրիայից ժամանած վարձկանների, ոչ էլ Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչների մասին։ Հեղինակն ընդամենը
անդրադարձել էր հայկական սփյուռքի ամենամեծ համայնքից՝ Լիբանանից Հայաստան ժամանած երիտասարդներին, որոնք սեփական կամքով մեկնել էին ռազմաճակատ։ Այսպիսով, Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հանդես եկավ կեղծ պնդումներով՝ այս անգամ խեղաթյուրելով Reuters-ի հոդվածի բովանդակությունը։
Սոցցանցերում այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության անունից տարածվեց կեղծ հայտարարություն, ըստ որի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռներ տեղափոխելու պատրվակով Հայաստանի տարածք է ներթափանցել Ադրբեջանի հատուկ նշանակության երկու ահաբեկչական խումբ` բաղկացած 11 հոգուց։ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, անդրադառնալով լուրին, հայտնեց, որ նման հայտարարությամբ իրենք հանդես չեն եկել, իսկ էջը, որի միջոցով տարածվել է տեղեկությունը, ծառայության հետ որևէ առընչություն չունի։
Ադրբեջանական լրատվականներն այսօր տարածեցին ՍՈՒ-25 կործանիչի խոցման մասին տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ինքնաթիռ։ Իրականում տեսանյութը նկարահանվել էր հայկական զինված ուժերի կողմից։ Բնօրինակում անգամ լսվում են զինծառայողների հայերեն խոսակցությունները, որից պարզ է դառնում՝ տեսանյութում այրվող ինքնաթիռը պատկանում էր Ադրբեջանի զինված ուժերին և խոցվել էր հայկական զինուժի կողմից։