Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ:
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունը Արցախի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր (տեսանյութեր՝ 1.
https://bit.ly/3mNoZVU, 2.
https://bit.ly/384jPkk):
Լայնամասշտաբ օդային կրակահերթը հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտում:
Կարևոր է նշել, որ այս տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սև և սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը և ուրիշներ:
Այդ կանխատեսված հարձակումները ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներ շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով:
Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործության մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության և կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները:
Այդ պարտավորությունն այսօր առավել արդիական է, քանի օրեցօր ադրբեջանական ռեժիմն ընդարձակում է հարձակումների ծավալները և ի լրումն Արցախի դեմ կիրառվող զինտեխնիկայի՝ ավելացնում է նոր, ավելի վտանգավոր զինատեսակներ՝ դրանով իսկ մեծացնելով հումանիտար և բնապահպանական աղետի անդառնալիությունը, վտանգավորության աստիճանը և ծավալները: Նախարար Պետրոսյանը վճռական գործողությունների կոչ է արել՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվին ստիպելու դադարեցնել ագրեսիան և ռազմական հանցագործությունները:
Կոչ է արվել նաև կազմակերպություններին ստանձնել պատասխանատվություն՝ պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը, կանխելու հնարավոր էկոցիդը (պատերազմների ժամանակ հաճախ հակառակորդը էկոհամակարգն է թիրախ դարձնում և ոչնչացնում կանխամտածված կերպով) Արցախի Հանրապետության տարածքում: