Ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են ստացվել նվիրատվություններ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և համայնքներից, որոնք ուղղվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահան Մելիքյանը:
«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից ստացվել է տասը միլիոն ռուբլի, երեսունութ հազար յոթ հարյուր ԱՄՆ դոլար գումար տրամադրվել է մեկ այլ եկեղեցական կառույցից։ Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին (Բելգիա) հանգանակել և փոխանցել է քսան հազար եվրո։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյան» հիմնադրամի այս տարվա ողջ հասույթը՝ յոթանասունյոթ հազար յոթ հարյուր քառասուն ԱՄՆ դոլար, որոշվել է հատկացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ նահատակ ու հաշմանդամ զինվորականների ընտանիքների կարիքների համար»,- տեղեկացրել է նա: