Նորվեգիայի իշխանությունները որոշել են մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 միլիոն նորվեգական կրոնի (1,5 միլիոն եվրո) օգնություն ուղղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ բազմաթիվ մարդկային կյանքեր խլեցին, շատերին ստիպեցին լքել իրենց տները, մեծ տառապանքներ պատճառեցին խաղաղ բնակչությանը: Նորվեգիան 17 միլիոն կրոն կուղարկի մարդասիրական կազմակերպություններին, որոնք պաշտպանում և օգնում են այս հակամարտությունից առավել տուժածներին»,- հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:
Արտգործնախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտող կողմերը կապահովեն հումանիտար կազմակերպությունների անվտանգությունն ու անարգել մուտքը տարածաշրջանում օգնության կարիք ունեցողներին: «Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում աջակցել հրադադարի ռեժիմին և վերսկսել բանակցությունները: Նորվեգիան աջակցում է խաղաղ լուծում ստանալուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին»,- ասել է նախարարը: