Արցախյան ռազմաճակատի հյուսիսարևմտյան ուղղությամբ պատերազմի 35-րդ օրը թեժ մարտեր են ընթացել: Թշնամին վաշտի կազմով հարձակվել է Արցախի սահմանի երկու դիրքի ուղղությամբ: Համառ մարտերից հետո թշնամու խմբավորումները մեծ կորուստներ են կրել, փախել մարտի դաշտից, հայկական զինուժից մեկ վիրավոր ունենք:
Հայոց բանակի հարվածից փախչող թշնամին արգելափակվել է ձորերից մեկում և վերջնական ջախջախվել. ականանետային դիպուկ կրակը ուղիղ թիրախներին է հասել:
Այս ուղղությամբ թշնամին ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ն կասեցրել է, հետո հետապնդել ու ոչնչացրել:
Հարավարևմտյան ճակատում թշնամու ջարդը շարունակվել է հարավ-արևելքում: Ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են: Մեկ տանկ ու անօդաչու թռչող սարք պայթեցվել է, մնացած ուժերը նահանջել են:
Շփման գծի երկայնքով այս պահին էլ օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո: