«Ամբողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևելյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկել են լայնածավալ հարձակման փորձեր, որոնք բոլորն էլ տապալվել են: Ինչպես արդեն հայտարարել ենք, մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախատեսված հարձակումները տապալվել են, հետ են մղվել, որոշ ուժեր, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,-սահմանային օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնական ուղղությունում՝ Մարտունու, Հարավային հատվածում՝ տարբեր ուղղություններով հարձակումներ են ձեռնարկել, որոնք իրենց սաստկությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։
«Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը ձախողվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր զորամիավորմանը հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային բարելավումներ ունենալ։ Սակայն թշնամուն հաջողվել է Մարտունու ուղղությամբ վերցնել մեկ-երկու դիրք։ Մարտունուց հարավ՝ Ճարտար ուղղությամբ։ Հակառակորդի այսօրվա ամբողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալվել են»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կիրառվել են վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում՝ Դավիթ Բեկ համայնքն է ռմբակոծվել, և կա մեկ զոհ։