«Չեմ կարծում, թե այսօր ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի, որովհետև եթե անցած փորձն ամփոփենք՝ ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների, նաև եվրոպական երկրների, կարծում եմ՝ այս պահի դրությամբ նման օրակարգ չենք ունենալու»,- հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Փոխվարչապետը, որ խորհրդարան էր եկել մասնակցելու ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներին, անդրադարձավ նաև տնտեսության վրա պատերազմի ազդեցությանը:
«Չենք կարող ասել, ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա կամ բյուջեի վրա, իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ և կունենա: Ըստ այդմ, մենք պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Իհարկե, շրջանառությունները որոշակի իմաստով կնվազեն, հարկային մուտքերը կանխատեսվածից ավելի ցածր մակարդակ կունենան, պակասուրդը ավել կլինի, բայց կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառվեն: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ»,- ասաց նա:
Փոխվարչապետն անդրադարձավ նաև արտաքին պարտքի չափին: Գրիգորյանի խոսքով, կարևոր է ոչ այնքան հարցը, թե պարտքը ինչքան է ավելացել, որքան՝ այդ պարտքով ներգրավված միջոցներն ինչ արդյունավետություն և նպատակ ունեն: «Պարտք վերցնելն ինքնանպատակ չէ, որևէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որպեսզի իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով կամ մարտահրավերների հետևանքներով: Այո, հնարավոր չէ, որ պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա, բայց ես վստահ եմ, որ կդնենք ծախսման այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստան արդյունքների գեներացմանը»,- նշեց նա: