10 երիտասարդ յոթ օր հացադուլի միջոցով փորձեց ՄՆ-ի դաշնային իշխանության ուշադրությունը բևեռել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի հրահրած պատերազմին ու ռազմական հանցագործություններին։
Նրանք ամեն օր նամակով ներկայացնում էին Արցախում տեղի ունեցող վայրագություններն ու իրենց պահանջները։ Այսօր արդեն ասելիքը փորձեցին տեղ հասցնել մի քանի հազարանոց ճանաչման երթով: Այն ձգվում էր Լոս Անջելեսում ամերիկյան դաշնային ներկայացուցչության շենքից մինչև Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն։
Արամ Մանուկյան (Հայ երիտասարդաց դաշնակցության ատենապետ) - Կոնգրեսական գետնի վրա արդեն որոշ հաջողություն ունենք, մնում է նախագահական․․․ ցույց տանք, որ կենաց մահու հարց է մեզ համար, որ կանգնեցնեն թուրք-ադրբեջանական ցեղասպան գործողությունները։
Այս օրերին ամեն հայ անելիք ունի՝ ասում են ամերիկահայ երիտասարդները՝ նվիրատվություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նամակներով ու զանգերով քաղաքական պահանջ պաշտոնյաներից և ակտիվ պայքար օնլայն տիրույթում։
Վերջին 35 օրում Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ցեղասպանական գործողություններն ու ռազմական հանցագործությունները՝ մեծ մասամբ ուղղված Արցախի խաղաղ բնակչության դեմ, փաստում են ամերիկահայ երիտասարդները։ Նրանք հայտարարեցին, որ չեն դադարեցնի պայքարը մինչև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Դրո Մկրտչյան (Հայ երիտասարդաց դաշնակցության անդամ) - Արցախի անվտանգությունն ապահովելու միակ ճանապահն անկախության ու ինքնիշխանության ճանաչումն է։ Մենք հացադուլի 136 ժամից հետո ավելի ուժեղ ենք մեզ զգում ու նվիրված մեր ժողովրդի արդար պայքարին։ Ինչպես մեր զինվորներն են պայքարում առաջնագծում՝ մեր տունը պաշտպանելով, մենք էլ պետք է շարունակենք պայքարն այստեղ: Մենք ենք մեր միակ հույսը։ Աշխարհը չի հոգում ո՛չ Արցախի, ո՛չ արդարության, ոչ ճշմարտության համար։ Մենք պետք է պայքարենք, որ Արցախն ազատ լինի մեկընդմիշտ։
Ամերիկահայ երիտասարդների բողոքի ակցիային էր միացել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Դևիդ Ռյուն։ Նա ասաց՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, անընդունելի է, և որ ՄՆ-ը պետք է ավելին անի:
Դևիդ Ռյու (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Մեր պաշտոնյաները Վաշինգտոնում ավելին պիտի անեն։ Սա պարզապես պատերազմ չէ, այլ քիմիական զենքով պատերազմ անմեղ մարդկանց նկատմամբ։ Մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ պատժամիջոցներ կիրառենք Թուրքայի և Ադրբեջանի նկատմամբ։ Ուզում եմ հստակ լինի: Սա հողի կռիվ չէ, այլ փորձ է ոչնչացնել ժողովրդին և նրա մշակույթը, վերսկսել ցեղասպանությունը, որն անընդունելի է։ Այսօր ձեր կողքին եմ ՝ ամերիկահայ համայնքի, Արցախի ու Հայաստանի ժողովրդի կողքին՝ հանուն խաղաղության ու արդարության։ Այստեղ՝ Լոս Անջելեսում, մենք բոլորս հայ ենք:
Օրվա երկրորդ կեսին ամերիկահայ համայնքի ձայնը հնչեց Լոս ԱՆջելեսի մեկ այլ հատվածում՝ զբոսաշրջային կենտրոնում։ Իրար ձայն տալով՝ մի քանի ժամում մի քանի հազար մարդ հավաքվեց Հոլիվուդի աստղերի պողոտայում՝ «Դոլբի» թատրոնի շենքի առջև։ Ամերիկահայերը դիմեցին հոլիվուդյան աստղերին՝ պահանջելով հանդես գալ Արցախում քիմիական զենքի կիրառման դեմ։
Կիրակին ակտիվ էր նաև Փասադենա քաղաքում։
Հայ համայնքը լուռ իրազեկման ակցիա էր կազմակերպել՝ ոչ հայ բնակիչների ուշադրությունը բևեռելու Արցախում տեղի ունեցող ադրբեջանա-թուրքական վայրագությունների վրա։
Լոս Անջելեսի մարզի քաղաքներում հայ համայնքի բողոքի և իրազեկման ակցիաները կշարունակվեն նաև այս շաբաթ: