Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը խորանում է: «Թուրքական ապագա» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, Թուրքիայի նախագահ Էրդողանի նախկին դաշնակից Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Էրդողանի բռնապետական գաղափարախոսություններն ամենամեծ սպառնալիքն են Եվրոպայի և աշխարհի համար: Ըստ Դավութօղլուի՝ Էրդողանն աշխարհի համար ավելի մեծ սպառնալիք է, քան կորոնավիրուսի համաճարակը, գրում է The National լրատվական գործակալությունը:
«Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խոր կոռուպցիա, և մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է դրսում, մենք շարունակելու ենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- ասել է Էրդողանի իշխող կուսակցության նախկին ղեկավարը:
Թուրք ընդդիմության առաջնորդը նաև քննադատել է կառավարման նախագահական համակարգը, որն Էրդողանը հաստատեց 2016-ին իր իշխանությունն ամրապնդելու համար: Նրա համոզմամբ՝ երկիրը պետք է վերադառնա խորհրդարանական համակարգին, քանի որ ներկա համակարգը միայն ճգնաժամեր է առաջացնում:
The National-ը հիշեցնում է, որ Դավութօղլուն 2009-2014 թվականներին եղել է Թուրքիայի արտգործնախարար, իսկ 2014-2016 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, որից հետո ստեղծել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մրցակից քաղաքական շարժում՝ մարտահրավեր նետելով Էրդողանին: