1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի դեպքերի քրոնիկոնը:
Մարտունին ենթարկվել է հերթական ռմբակոծության, իսկ Ստեփանակերտում օդային տագնապ է հնչել
Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է` կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Այս մասին ժամը 23։17-ին, հայտնել են ԱՀ ԱԻՊԾ-ից։
«Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ, ու նյութական վնասներ պատճառվեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- նշված է հայտարարությունում։
Փաստացի Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին․ Հովհաննիսյան
«Շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության և մասնակցության հարցը, և թե ինչ նշանակություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները։ Ես մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ, փաստացի Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին, թուրքական գլխավոր շտաբին, և այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժերն այլևս գոյություն չունեն։Դեռ 2020 թվականի ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ գործողություններ ու արդյունքներ դրսևորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, դրանից հետո Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը մաքսիմում վերցնելով ադրբեջանական զինված ուժերի կառավարումը»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այս պատերազմի ընթացքում շատ ադրբեջանցիների, ինչպես նաև միջազգային որոշ փորձագետների կողմից հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, տեխնիկական, նորարարական բաղադրիչը՝ ավելի շատ ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ։ Հովհաննիսյանը շեշտեց, որ դրանք ավելի շատ թուրքական են, իսրայելական և հիմնականում թուրքական զինված ուժերի կառավարման ներքո։«Ադրբեջանի՝ գոյություն չունեցող ԶՈՒ ղեկավարությանն անակնկալներ են սպասվում»,- ասել է Հովհաննիսյանը։
Ադրբեջանի սենսացիոն ապատեղեկատվությունը, թե Արցախի նախագահին սպասարկող մեքենան են խոցել ֆոսֆորային զինատեսակների կիրառումից, հանրային ուշադրությունը շեղելու անօգուտ փորձ է․ ԱՀ նախագահի խորհրդական
Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հակառակորդի ԶՈՒ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, հիմնական հույսը վարձկաններն են
Այսօր վաղ առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ եղել են փոքր խմբերով, օջախային հարձակումներով, տեղ-տեղ կիրառել են հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ։ ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ամբողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած որոշակի մարտական գործողություններին։ Նա ընդգծել է՝ մարտերը շարունակվում են։
Ադրբեջանում մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը փոխանցվել է հայկական կողմին
Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել տարեց տղամարդու դին: Ավելի վաղ հայտնել էինք՝ գերեվարված Միշա Մելքումյանը մահացել է։
ԱՀ ՊԲ-ն ներկայացրել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով պարգևատրման ներկայացված զինծառայողներին
Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին հերթական ապացույցը․ տեսանյութ
«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին հերթական ապացույցն է։
ՊԲ-ն Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացրել է հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ
Հենց նոր ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարք՝ տեղեկացրել են ԱՀ ՊԲ-ից:
Հակառակորդը հրթիռակոծել է Ասկերանի ԱԻ հրշեջ մեքենան
Ադրբեջանա-թուրքական ուժերը կրկին թիրախավորել են Արցախի ԱԻ պետական ծառայությանը: «Ադրբեջանա-թուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել: Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են»,- հայտնել է ԱՀ ԱԻՊԾ-ն:
Սիրիացի ահաբեկչին գերեվարել է «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին ընկերների հետ. ԱՀ նախագահի խոսնակ
Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, իր ընկերների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխվել է Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ է: Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»,- գրել է Պողոսյանը:
Հակառակորդի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Շուշիի պարսկական Գյովհար աղա մզկիթը
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում՝ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական Գյովհար աղա մզկիթը։ Ռազմական ավիացիա է կիրառվել նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։
Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն՝ հայտնում են Պաշտպանության բանակից:
ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված հերթական սիրիացի վարձկանը հարցաքննվել է․ տեսանյութ
ՊԲ ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988 թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է՝ հայտնում են Պաշպանության բանակից: Ամուսնացած է: Ունի 5 երեխա: Արցախում, իր խոսքով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար» ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:
Հակառակորդի կորուստները. 01.11.20 11։00
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Վերջին տվյալների համաձայն՝ խոցվել են 241 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, հակառակորդի զոհերի թիվը 6997 է:
AP-ի տեսանյութը Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործությունների ևս մեկ անժխտելի ապացույց է. ՄԻՊ
Associated Press-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների, Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտում իրականացնելու քաղաքականության վերաբերյալ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հրապարակելով տեսանյութ:
Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացել
«Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան»,- ժամը 01։09-ին հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, քանի որ ունեցել են մեծաթիվ կորուստներ․ Սարումյան
Երեկ օրվա ընթացքում և գիշերը հակառակորդը շարունակել է կատարել հարձակման փորձեր: Այս մասին Արցախում՝ «Լուրերի» հետ զրույցում, հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։ «Փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է»,- ասել է Սարումյանը։ Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։ «Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը»,- նշել է Սարումյանը։
Թշնամական ուժերը Ավետարանոց-Սղնախ հատվածում առաջանալու փորձ են ձեռնարկել ավտոտեխնիկայի միջոցով. պարզաբանում
«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում»,- ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը մեջբերել է ՊԲ հաղորդագրությունը և հավելել. «Ժողովուրդ ջան, խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի»:
ՊԲ ՀՕՊ-ը Ստեփանակերտի երկնքում ադրբեջանական ԱԹՍ է խոցում. տեսանյութ
Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ կադրում ենթադրաբար պատկերված է ԱՀ ՊԲ ՀՕՊ կողմից Ստեփանակերտի երկնքում ադրբեջանական ԱԹՍ-ի խոցումը։
Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ. պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով. Հովհաննիսյան
«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել»,- ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կիսվել է ՊԲ հաղորդագրությամբ և հավելել. «Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։ Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է, և մեր ամբողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը»,-
գրել է Հովհաննիսյանը:
Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները. ԱՀ ՊԲ
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավարևմտյան, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններում: Այս մասին հայտնել են ԱՀ ՊԲ-ից։ Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:
Գիշերը հակառակորդը Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա
Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնել են, որ ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։