Ընտրություններին հաշված ժամեր են մնացել, և երկու թեկնածուն էլ բարձրակետին են հասցնում զորաշարժը։ Իր վերջին հանդիպումներից մեկը նախագահ Դոնալդ Թրամփն անցկացնում է այստեղ` Փենսիլվանիայի Ռիդինգ բնակավայրում։ Ամերիկահայերն էլ ձգտում են անել առավելագույնը մեր խնդիրները լսելի դարձնելու համար։
Վերջին օրերին Թրամփի վարչակազմը մի քանի առիթով անդրադարձավ Արցախյան պատերազմին, ջերմ խոսեց հայերի ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Փենսիլվանիայի հավաքին համայնքային ակտիվիստներ էին եկել` վանկարկումներով, դրոշներով և պաստառներով՝ մեր թեմաների ուղղությամբ ուշադրություն հրավիրելու։
Սևակ Քեշիշյան (Համայնքային ակտիվիստ) - Հետևելով իր խոսքին՝ հոկտեմբերի 25-ին, երբ որ նշեց, որ «ամեն ինչ լավ կլինի, և փորձում եմ հայերին օգնել, և էս հարցը շատ հեշտ է լուծել։ Այդ հեշտ լուծելը մի քիչ թերահավատություն է մեզ ներշնչում՝ ինչով է հեշտ։ Կարևորը, որ հետևողական քայլեր էին պետք, և եկանք էստեղ, որ հասկանանք։
Շանթ Շահրիկյան (Համայնքային ակտիվիստ, լրագրող) - Հաշվի առնելով, որ ընտրություններն ընդամենը մի քանի օրից են՝ չեմ կարծում, թե ներքին կամ արտաքին ճակատում որևէ փոփոխություն լինի։ Տեսեք, ներքին կյանքում էլ փորձեցին տնտեսության համար կարևոր որոշումներ ընդունել, բայց չարեցին, քանի որ հիմա ամբողջ ուշադրությունը երեքշաբթի օրվա ընտրությունների ուղղությամբ է։
Միացյալ Նահանգներում ազգային համայնքները սովորաբար Դեմոկրատական կուսակցությանն են հարում, իսկ հանրապետականներն ավելի պահպանողական ամերիկացիների կուսակցության վարկանիշ ունեն։
Քերոլայն Սարյանը, որ տարիներով Ֆեյսբուքում վարում է «Հայերը՝ հանուն Թրամփի» էջը, համաձայն չէ, թե հայ համայնքը խիստ դեմոկրատական կողմնորոշում ունի։ Հայերին ընդհանրապես բնորոշ է պահպանողական-ավանդական արժեհամակարգը՝ նկատում է նա։
Քերոլայն Սարյան («Հայերը՝ հանուն Թրամփի» խմբի ղեկավար) - «Հայերը՝ հանուն Թրամփի» էջը բացեցի Ֆեյսբուքում, երբ 2012-ի ընտրություններին Դոնալդ Թրամփը դեռ թեկնածու էր։ Այդպես արեցի, քանի որ հանրապետական եմ։ Ասում են, թե հայերը դեմոկրատական կուսակցությանն են հարում, ես կասեի ընտանիքի, հավատքի կամ այլ արժեքների մասով մեզ շատ մոտ են պահպանողականները։
Քերոլայնը քաղաքից քաղաք է շրջում` մասնակցելով Թրամփի ձեռնարկներին։ Նախագահական օդանավի ֆոնին իր լուսանկարն է։
Քերոլայն Սարյան - Երկու անգամ իրեն հանդիպել եմ Լաս Վեգասի իր հյուրանոցում, մի անգամ՝ Դայթոնա Բիչում, Սենթ Լուիսում, Ցինցինատիում։
Հայ դատի գրասենյակն իր էջին տեղադրել է Թրամփի ու Բայդենի՝ հայերի համար շահեկան ու ոչ այնքան կողմերը՝ Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ´Բրայենի՝ Կալիֆոռնիայում մեր համայնքի հետ հանդիպման արձանագրությունը։
Արամ Համբարյան (ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն) - Ամերիկահայ ընտրողների համար կարևոր հարցերում՝ Արցախի, Հայոց ցեղասպանության, հայ-ամերիկյան հարաբերությունների համար, Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ դիրքորոշում, քաղաքացիները կարող են ստուգել մեր օնլայն արձանագրությունները ու այդպես որոշել, թե ով ավելի լավ նախագահ կլինի։
Բայց նոյեմբերի երեքին ոչ միայն նախագահական, այլև Կոնգրեսի ընտրություններն են։ Մեր լոբբին հատ-հատ գնահատել է բոլոր նահանգային ու զգալի թվով տարածքային օրենսդիրների` համայնքին կոչ անելով քվեարկել բարձր միավոր ստացողների օգտին ու աշխատել խաղից դուրս թողնել ցածր բալերով Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամ թեկնածուներին։
Արամ Համբարյան - Բոլոր սենատորների և Ներկայացուցիչների արձանագրությունները հատ-հատ նայում ենք, թե ինչպես են քվեարկել կարևոր օրինագծերի մասով, մասնակցել են հայկական միջոցառումներին, թե ոչ` վերջում նշանակելով մեր գնահատականը։
Այս պահին Կոնգրեսի ստորին պալատում ծագումով երեք հայ կա` Աննա Էշուն, Ջեքի Սպայերը և Էնթոնի Բրինդիսին։ Նրանք, ամենայն հավանականությամբ, վերընտրվելու են։ Իսկ վերին պալատ` Սենատ, անցնելու համար Մեյն նահանգից պայքարում է հայուհի Սարա Գիդեոնը։
Հաղթելու հավանականությունը մեծ է, ու հնարավոր է հունվարին երդմնակալությունից հետո Կապիտոլիումի բարձունքին ծագումով հայ օրենսդիրների թիվը մեկով ավելանա։