Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Անվար Գարգաշը մահմեդական մի շարք երկրներում սկսված հակաֆրանսիական ցույցերի համար մեղադրել է Թուրքիային: Արտգործնախարարի խոսքով՝ մահմեդական երկրների հետ առճակատումն այն քաղաքական հարթություն տեղափոխելու հետևանք է, որը կազմակերպել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Ֆրանսիայի դեմ հարձակումներով Էրդողանը կրոնական խնդիրները շահարկում է իր քաղաքական նպատակների համար»,- խոստովանել է արաբ նախարարը:
ԱՄԷ արտգործնախարարը պնդում է, որ Ֆրանսիայի նախագահի խոսքերը միտումնավոր հանել են համատեքստից: «Էրդողանը հենց որ տեսնում է սողանցք կամ թույլ կետ, այն օգտագործում է իր ազդեցությունը մեծացնելու համար,- մեջբերում է Le Monde-ը Անվար Գարգաշի հարցազրույցը:- Նա բանակցելու պատրաստակամություն է ցույց տալիս միայն այն դեպքում, երբ իրեն ցույց են տալիս ընդունելի սահմանը»:
Արտգործնախարարը հայտարարել է, որ Մակրոնի ելույթում մահմեդականներին օտարելու գաղափար չի տեսնում: «Մենք պետք է լսենք, թե իրականում ինչ է ասել Մակրոնն իր խոսքում: Նա չի ցանկանում մեկուսացնել Արևմուտքի մահմեդականներին, և նա ճիշտ է»,- բացատրել է ԱՄԷ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը: