Արցախում ամեն քաղաք ու գյուղ իր ռազմավարական նշանակությունն ունեն: Բերձորն այս օրերին դարձյալ անհանգիստ է, այստեղ էլ հրթիռի ու պայթյունի ձայներից չեն վախենում: Թշնամու ախորժակը նաև Բերձոր է հասել, բայց միայն՝ ախորժակը: Օր ու գիշեր տղերքը հսկում են: Բերձորի պահապանների թվում է Ռուսաստանից հայրենիք վերադարձած երևանցի Սարգիսը:
Սարգիս Իսկանդարյան (կամավորական) - Նպատակը մի հատ ա՝ հայրենիքը: Էթանք Բաքու լողանանք, ասում են՝ ընդեղ տաք ա: Ինչ ասեմ, մենակ հաղթելու ենք եկել, չենք կարա պարտվենք:
Մինչև գնալը կարևոր առաքելությանը զուգահեռ՝ պետք է նաև փորը կուշտ պահել: Տղերքին կերակրելու գործին՝ կանայք են: Ապաստարանային պայմաններում էլ ճաշացանկը հարուստ է: Այսօր սնկի օր է:
Քնարիկ Օհանջանյան (Բերձորի բնակիչ) - Կաղամբով տուշիտ են անում, կոմպոտ են անում երեխեքը, ամեն ինչ անում են, ինչ որ տանը, դաժը թթու են դնում: Մեր տղաներին կուշտ ենք պահում, որ դուխով գնան առաջ: Էս մեր հողն ա, մեր ջուրն ա, ու անելու ենք ամեն ինչ, դաժը ես էլ պատրաստ եմ զենք վերցնեմ ձեռքս:
Քաղաքից ոչ մի կնոջ չես կարող հանել: Ասում են՝ որքան մոտ են, այնքան հանգիստ ու ապահով են: Պայթյուններին սովորել են, վախն էլ Աստծով են հաղթահարում:
Քնարիկ Օհանջանյան - Ոչ մի տեղ էլ չեն հասնելու, թուրքն ում շունն ա, որ հասնի Բերձոր, չի հասնելու, ասում ա՝ կբերենք, ձորում կթաղենք, քաշենք-բերենք, թաղենք Բերձորում:
Պատերազմի առաջին օրից Բերձորում կամ, ինչպես առավել հայտնի է, Լաչինում աշխատանքի բաժանում են արել: Քաղաքում յուրաքանչյուրը գիտի՝ երբ ու ինչ պետք է անի:
Նարեկ Ալեքսանյան (Բերձոր համայնքի ղեկավար) - Թե՛ բերձորցիները, թե՛ ամբողջ Քաշաթաղի շրջանը, թե՛ հայությունը ստեղ ենք, մի մասը՝ Բերձորում, պատրաստ ենք ցանկացած ոտնձգություն հետ շպրտել, պահել Հայաստանի հետ կապող ճանապարհը:
Դավիթ Դավթյան (Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար) - Ոչ մի մետր չենք նահանջելու, մեր ազգը պետք է մեր հետ միասին պաշտպանի և՛ Շուշին, և՛ մայրուղին, և՛ մնացած տարածքները, որ անցնենք ազատագրման ժամանակավոր օկուպացված տարածքները: Ժողովրդի դուխը տեղն ա, ստեղ են բոլորը՝ փոքրից մեծ, նաև 60-անց մարդիկ, զինված պայքարելու ենք ազատագրման համար մեր տարածքների:
Միայն թե խաղաղություն լինի, Բերձորում ամեն ինչ կա երջանիկ ապրելու համար, նույնիսկ՝ Խաղաղության փողոց: