ԱՄՆ Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, այս բանաձևի վերաբերյալ Օհայո նահանգի Օրենսդիր ժողովի քվեարկությունը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 14-ին:
Բանաձևն ընդգծելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կառավարությունների հետ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի անհրաժեշտությունը հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Բանաձևի ընդունումից հետո Օհայո նահանգի օրենսդիր մարմինը կմիանա ԱՄՆ 9 նահանգին և անհամար քաղաքներին ու շրջաններին Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության ճանաչման հարցում: