Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում՝ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
Նրա խոսքով, կառավարության ծրագրի կենսագործման հիմնական ճանապարհը ռազմավարական փաստաթղթերի ձևավորումն է, դրանից բխող միջոցառումների մշակումն ու իրականացումը, երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները: Ըստ Գրիգորյանի՝ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է կենտրոնացնել բոլորի ջանքերը 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա:
Փոխվարչապետը շեշտեց՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդրումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի ձևավորման համար։
«Թիվ մեկ խնդիրը, որ պետք է լուծենք, արդյունավետությունն է, որովհետև, ըստ էության, մեր բոլոր ռազմավարություններին և քաղաքականությանը համահունչ ծախսերի տրամաբանությունը, որոշակի իմաստով մեր համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ապահովել: Բայց այսօր մենք ունենք COVID-19-ի հետևանք, որին գումարվել է այսօրվա իրավիճակը։ Բնականաբար, վստահ եմ, որ կապահովենք անհրաժեշտ կայունություն և կունենանք մի ֆինանսական բալանս, որը հնարավորություն կտա շարունակել կայունությունը, ապահովել անհրաժեշտ ներդրումների հոսք, իրականացնել ծախսերն այնպիսի արդյունավետությամբ, որ հնարավորություն կտա հասնել մեր նպատակներին և հաղթահարել ընթացիկ մարտահրավերները»,- ասաց Գրիգորյանը։