Կանայք և երեխաներն արդեն երկրորդ անգամ են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ: Խաղաղ ակցիայի մասնակիցների նպատակը չի փոխվում, բայց լռությունն օր օրի ավելի է ամրապնդում իրենց պայքարի ուժը:
Լիանա Ադամյան («Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ) - Մեր օրակարգը նույնն է. ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, պարտադրի հրադադար Ադրբեջանին, սանձի Թուրքիային, Ադրբեջանին ահաբեկչության համար: Ես այսօր այստեղ եկել եմ իմ ընկերների համազգեստով, ես զոհված Արմեն Դոլուխանյանն եմ, որ երեկ է զոհվել, Արթուր Բաբայանն եմ, ում մարմինը 30 օր է՝ հողին չեն հանձնում, որովհետև մոխրացել է, ես անհայտ կորած Միշա Մարտիրոսյանն եմ՝ 18 տարեկան, որին տարել են գերեվարության, և չգիտեն ինչ կտտանքների է ենթարկվում այս տղան, ես ապագա զինվորի մայր եմ, եկել եմ պահանջատիրությամբ, և ես Արցախն եմ:
Լռել չեն պատրաստվում, թակում են միջազգային կազմակերպությունների, դեսպանատների դռներն ու փաստերով պատմում Արցախում տեղի ունեցող վայրագությունների մասին:
Սիրանուշ Սարգսյան («Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ) - Մենք մինչև վերջին մարդը պայքարելու ենք, ու այդ տեռորիստներն իրենք, մեկ ա, ով կա, մեռնելու է, կամ թողնելու են, գնան: Իսկ գնալու են ո՞ւր: Գնալու են Վրաստան, Ռուսաստան, Իրան, այնտեղից՝ Եվրոպա ու ԱՄՆ: Ես ասել եմ՝ սպասեք նրանց հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Կանայք ապացուցելու շատ բան ունեն, հասցեական կոչերով ինչքան պետք լինի, կգան, կկանգնեն ու արդարություն կպահանջեն, նաև կստիպեն աշխարհին Արցախին նայել իրական հայացքով:
Արևիկ Դանիելյան - Մենք ենք թիկունքը ու պետք ա ուժեղ լինենք, ու պահանջում ենք, որ աշխարհը լսի ու չփակի աչքերը, օր առաջ վերջ տա էս ամեն ինչին, կանգնի Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ և թույլ չտա՝ ևս մեկ անգամ Ցեղասպանություն կրկնի:
Ամերիկայից պահանջում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, դադարեցնել նաև Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Երեխաներն էլ մայրերի հետ են շրջում արդարության պահանջով. կարոտել են իրենց տունը, հայրենի հողը...
Մեծ, թե փոքր՝ կապ չունի, թիկունքում էլ կռիվ կտան: Ցուցապաստառներին կգրեն, կջնջեն, կերգեն ու հավատով կլցվեն...
Արցախցու կամքն անկոտրում է, Արցախում կռվող զինվորը՝ անպարտելի...