2021 թ. պետական բյուջեի նախագծում ընթացիկ ծախսերի համար կիրառվել է սահուն հենքով բյուջետավորման սկզբունքը՝ տեղեկացրել է ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թ. նախնական քննարկումների ժամանակ:
«Սա նշանակում է, որ մենք, ըստ էության, ընթացիկ ծախսերի գծով նոր պարտավորությունների հարց չենք քննարկել, այլ կիրառել ենք այս մոտեցումը՝ հաշվի առնելով և 2019 թվականի փաստացի ցուցանիշները և 2020 թվականի բյուջեով նախատեսված ցուցանիշները»,- ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարի խոսքով՝ 2020 թ. բյուջեում առողջապահության ոլորտում ունեցել ենք ծախսերի 22 տոկոս աճ, 2021-ին աճը նախատեսված է մոտ 2.1 տոկոս: Ըստ գլխավոր ֆինանսիստի՝ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի համար հատկացումների աճը 2020 թվականին 2019-ի հետ համեմատած կազմել է 11 տոկոս, 2021-ին մոտ 1.2 տոկոս՝ հաշվի առնելով նաև շուրջ 44 միլիարդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրերը, որոնք կարող են իրականություն դառնալ։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման համար 2020-ին շուրջ 11 տոկոսի աճ է նախատեսվել 2019 թվականի համեմատ և 2021-ին նախատեսվում է շուրջ 2.2 տոկոս աճ»,- ասաց ֆինանսների նախարարը: Ջանջուղազյանը պարզաբանեց՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե սա բավարար չէ, բայց կարևոր է հաշվի առնել հաջորդ տարվա տնտեսական սպասումների առանձնահատկությունը։