Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման» մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» օրենքներում փոփոխությունների նախագծերը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում աշխարհազորի ձևավորման և այդ աշխատանքները համակարգված ու արդյունավետ կատարելու անհրաժեշտությամբ։
«Նախագծերով ենթադրվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան նոր տեղակալ, որը կզբաղվի աշխարհազորի կազմակերպման և աշխարհազորային բրիգադի ղեկավարման աշխատանքներով։ Այդ հաստիքը ժամանակավոր չէ, այլ մշտական: Նրանց պաշտոնի կնշանակի և պաշտոնից կազատի համայնքի ղեկավարը՝ բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի։ Նա կիրականացնի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, կփոխարինի նաև համայքնի ղեկավարին՝ բացակայության ընթացքում»,- ասաց Տերտերյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Երևանի պարագայում նույնպես առաջարկվում է ավելացնել քաղաքապետի տեղակալների թիվը՝ 3-ից դարձնելով 4: Նա բացառապես և ուղիղ կզբաղվի աշխարհազորի կազմակերպման և ղեկավարման գործառույթով։
Նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը և քվեարկությունը կկազմակերպվի վաղը՝ ժամը 13։00-ին։