Օպերայի բեմի լռության մեջ աղոթք ու բարեմաղթանքներ են՝ կրակը շուտ դադարի, և հարատև խաղաղություն լինի: Դիրիժորի, ջութակահարի, դաշնակահարի և բոլորի մատները գործիքների փոխարեն այս օրերին գործ ունեն բեմից կախված վարագույրների հետ՝ քողարկող ցանցեր են գործում առաջնագծի համար:
Սոնա Սոխիկյան (ջութակահար) - Եթե երաժիշտ ենք, չի նշանակում, որ ուրիշ բան չենք կարող անել, եթե սա է պետք, սա ենք անելու:
Բեմից բազմաթիվ ստեղծագործություններ են հնչել, սա էլ է ստեղծագործություն՝ առանց երաժշտության, բայց առավել խոսուն է՝ գործելիս օրհնություն են ստանում, հետո միայն սահման ուղարկում:
Արթուր Դալլաքյան (Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի աշխատակազմի ղեկավար) - Գալիս են դրսից կամավորականներ, որոնք տեղյակ են՝ ստեղ ինչ աշխատանք ա կատարվում, սկսում են կտրատել, դրանից հետո փակցնում սետկաներին:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը պատրաստ է բեմը տրամադրել ինչքան անհրաժեշտ է: Աշխատում են 24 ժամ՝ երեք հերթափոխով: Կարևորը արդյունքն է՝ օրական 4-5 քողարկող ցանց են ուղարկում ըստ նպատակային տեղանքի:
Դավիթ Աղաջանյան (նախաձեռնության ղեկավար) - Աշխատակիցները օպերայի շատացան-շատացան, հիմա հումքի խնդիր կա, ամեն օր ավելի շատ ջանքեր ենք ներդնում, որ հասցնենք էս պոստը պահենք:
Աշխատանքին զուգահեռ, մտածել, նախագծել են՝ ստեղծել նոր քողարկիչ ցանցեր, որպեսզի դրոնները չկարողանան որսալ: Բացի այդ, նոր թիկնոցների և ծածկոցների արտադրությունն է ընթացքի մեջ, որոնք ջերմամեկուսիչ են և անտեսանելի: Փակագծեր չեն բացում, փոխարենն առաջարկում են պարզապես տեսնել՝ բեմի վրա արագ վեր բարձրացող վարագույրը:
Դավիթ Աղաջանյան - Եթե տեսնում եք՝ կախված է, հետո քիչ-քիչ բարձրանում է, հետաքրքիր ներկայացում է, հետաքրքիր և թատերական:
Թիմին օգնում են բոլորը՝ ով ինչով կարող է: Նույնիսկ սեփական մեքենաներով գալիս, հումքը կամ պատրաստի ցանցերը հասցնում են անհրաժեշտ վայր: Այս պահին կարիք ունեն մեծ մեքենաների՝ հումքի տեղափոխումը արագ կազմակերպելու համար: Առաջնագիծ ուղարկած յուրաքանչյուր ցանցի մեջ մի նամակ կա՝ տարբեր բովանդակությամբ, բայց մեկ մաղթանքով՝ շո՛ւտ վերադարձեք, որ օպերայի բեմի լռությունը նորից խախտեն դասական մեղեդիները: