ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը:
ՔԿ-ն ներկայացրել է կասկածյալ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված:
Սիրիացի վարձկանը, մասնավորապես, նշում է, որ հոկտեմբերի 17-ին Սիրիայից անխոչընդոտ 50 հոգանոց խմբով հատել են Թուրքիայի սահմանը, որտեղից ավտոբուսներով տեղափոխվել են օդանավակայան: Ինքնաթիռով մեկնել են Թուրքիայի մեկ այլ օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել են թուրք զինվորականներ և ուղեկցել դեպի Ադրբեջան թռչող քաղաքացիական ինքնաթիռ: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ինքնաթիռը, ըստ նրա, վայրէջք է կատարել Ադրբեջանում: Օդանավակայանում նրանց չեն ստուգել և տեղափոխել են ռազմական օբյեկտներից մեկը, տվել են ադրբեջանական զինուժի համազգեստ և զենքեր:
«Մեզ ասել էին, որ մենք պետք է կռվենք հայերի դեմ: Տեղում կային նաև Թուրքիայի բանակի համազգեստով զինվորականներ, որոնք մասնագիտացված էին և կցված հրետանային միջոցներին»,- ասում է նա: Երրորդ օրը 200 հոգու տեղափոխել են ռազմաճակատ, ճանապարհը եղել է լեռնային: «Մեզ հանձնարարեցին գնալ և գրավել հայկական գյուղերից մեկը, բոլորին սպանենք, սակայն երբ մոտեցանք գյուղին, հայերը սկսեցին կրակ արձակել, ես ոտքից և ձեռքից վիրավորվեցի, խնդրեցի օգնել ինձ, բայց հրաժարվեցին և հեռացան»,- նշում է վարձկանը:
Նրա խոսքով՝ կային հաբեր, որոնք խմում էին խմբի անդամները անվախ լինելու համար: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա այն պետք է կազմեր 2000 դոլար, սակայն նա այդ գումարը չի ստացել: