Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խնդիրը՝ ինչ է նշանակում փոխզիջում՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա մեկնաբանել է նաև փոխզիջում հասկացությունը:
«Փոխզիջում նշանակում է՝ քո դրած նշաձողից որոշակիորեն նահանջելու պատրաստակամություն, այսինքն՝ քո դրած նշաձողը ցածրացնելու պատրաստակամություն: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը համաձայնվում է ցածրացնել այդ նշաձողը՝ ընդունելի դաշտ ձևավորելու համար, այս նոր նշաձողն արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և նա պահանջում է ավելին»,- ասել է նա: Հարցին՝ ի՞նչ նշաձող նկատի ունի, Փաշինյանը մանրամասնել է. «Սա նորություն չէ, սա երկար տարիների շարունակական քաղաքականություն է: Ես Ձեզ կարող եմ բերել հետևյալ օրինակը. 2011 թվականին Կազանում տեղի ունեցածը, կարծում եմ, ամենաշատն է ցույց տալիս իմ նշած օրինակը: Ես արդեն ասացի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը: Եվ, ըստ էության, դա այն նշաձողն է, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը և հայ ժողովուրդը դնում են: 2011 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որպեսզի տարածքները հանձնի Ադրբեջանին: Եվ այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:
Իսկ փախստականների վերադարձը լինելու է միայն Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից, Ադրբեջանից հարցին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Խոսում ենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և ընդհանրապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին: Եվ սա բավական լուրջ նշաձողի իջեցում է: Այս նշաձողի իջեցման արդյունքում ձևավորվել էր փաստաթուղթ, որը, ըստ էության, համաձայնեցված էր արդեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ընդունել այս փաստաթուղթը: Եվ այս պրոցեսը ցույց է տալիս, թե ինչու հարցը չի կարգավորվել: Որովհետև ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է իր դիրքերից, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար»:
ՀՀ վարչապետը խոսել է նաև ՌԴ դիրքորոշման մասին: «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է՝ միջնորդ երկիր է, և իր կարգավիճակի բերումով պետք է որոշակի չեզոքություն պահպանի: Եվ դա հասկանալի է»,- ասել է նա:
Իսկ հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս Փաշինյանն ընդգծել է՝ «Ռուսաստանը ինչպես եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հարցում Ռուսաստանը չեզոքություն չունի: Ռուսաստանի իշխանությունները և նախագահ Պուտինը մի քանի անգամ հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանն իր անվտանգային պարտավորությունները կկատարի: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին: Ղարաբաղի հարցում, ես արդեն ասացի, նախկինում էլ հենց Մինսկի խմբի ձևավորման օրից Ռուսաստանը եղել է համանախագահող երկիր, միջնորդ երկիր, և այդպիսով ունեցել է որոշակի չեզոքություն պահպանելու պարտավորություն: Եվ մինչև հիմա նրա այդ կարգավիճակը չի փոխվել»: