Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև.
Al Jazeera - Բարև ձեզ: Այսօրվա հատուկ թողարկման մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Պարո՛ն վարչապետ, ողջունում ենք Ձեզ և շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:
Al Jazeera - Պարո՛ն վարչապետ, կխնդրեի ներկայացնեիք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պաշտոնական հարաբերությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ, ցանկանում եմ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ի վեր հայեր են ապրել, և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում հայկական բնակչությունը միշտ եղել է 80 և ավելի տոկոս: Եվ ցանկանում եմ նաև արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հսկայական ժառանգություն կա՝ եկեղեցիներ, այլ կառույցներ՝ սկսած 5-րդ դարից: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղում: Մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված չեն հողի հետ հարաբերությունների հետ, այլ կապված են մարդկանց հետ հարաբերությունների հետ: 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայությունը Խորհրդային Միությունում ժողովրդավարացման գործընթացների համատեքստում փորձել է վերականգնել իր իրավունքները։ Խոսքը հետևյալ իրավունքի մասին է. երբ Խորհրդային Միությունը ձևավորվում էր, այդ ժամանակ 80 և ավելի տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի, և դա տեղի ունեցավ Ստալինի կամայական որոշման արդյունքում: Եվ երբ Խորհրդային Միությունում ժողովրդավարացման գործընթացներ սկսվեցին, Լեռնային Ղարաբաղի հայերը փորձեցին խաղաղ քաղաքական ճանապարհով վերականգնել իրենց իրավունքները և վերամիավորվել Հայաստանի Հանրապետության հետ, ինչին Խորհրդային Միությունը և Ադրբեջանը արձագանքեցին բռնություններով՝ մարդկանց նկատմամբ: Եվ նկատի ունեմ, որ մեր հարաբերությունը կապված է մարդկանց հետ, այն մարդկանց, ովքեր ապրել են, ապրում են և պիտի ապրեն Ղարաբաղում:
Al Jazeera - Ինչպե՞ս կարող ենք ներկայացնել Լեռնային Ղարաբաղը՝ օրինակ, երբ ես Հայաստանից գնում եմ Ղարաբաղ, ո՞ւր եմ գնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը հետագայում, և մենք ասում ենք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն, որտեղ կա ընտրված նախագահ, կա խորհրդարան, կան պետական կառավարման մարմիններ: Դա Հայաստանի Հանրապետության տարածք չի համարվում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակված պետություն է, որը, սակայն, մինչ օրս, ցավոք, միջազգային ճանաչում չի ստացել:
Al Jazeera - Պարո՛ն վարչապետ, Դուք խոսեցիք պատմական ասպեկտի մասին: Ադրբեջանցիները նաև ներկայացնում են փաստաթղթեր, որ հողն իրենց է պատկանում: Եթե խոսենք միջազգային իրավունքի մասին, ի՞նչ կասեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ փաստի վրա՝ այնպես, ինչպես մեկնաբանում է Ադրբեջանը միջազգային իրավունքը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Խորհրդային Միության մաս է, և այդպիսի անկախ պետություն գոյություն չունի: Բայց Դուք կարող եք ասել, որ Խորհրդային Միությունը գոյություն չունի այլևս, որպեսզի Ադրբեջանը լինի այդ Խորհրդային Միության մաս: Նույնկերպ և Խորհրդային Ադրբեջանը գոյություն չունի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը լինի Ադրբեջանի մաս: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, դրանք ընդունվել են կոնկրետ իրավիճակում, դրանք նկարագրել են կոնկրետ իրավիճակ, դրանք նկարագրել են Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի բախումը և դրանց արդյունքները:
Անվտանգության խորհրդում նկարագրված պատմությունը նույնպես ունի շատ կարևոր համատեքստ: Ես արդեն ասացի, որ բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարին Ադրբեջանն արձագանքել է բռնի ուժով, ինչպես այսօր՝ ռմբակոծելով, հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը: Այդ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունները հեռացնելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն ստիպված են եղել ձևավորել անվտանգության գոտի:
Al Jazeera - Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, Դուք ասացիք, որ, հնարավոր է, Հայաստանը միակողմանի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ կարող է սա փոխել ներկայում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ հարցը եղել է մեր օրակարգում և կա մեր օրակարգում: Բայց մեզ համար գլխավոր է ոչ այնքան, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա միշտ կարող է անել: Կարևոր է, որ ճանաչեն միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները: Եվ այսօր, կարծում ենք, առավել ևս, այդ հարցը հրատապ է, և ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հումանիտար աղետի վիճակը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ՝ մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Al Jazeera - Դուք խոսեցիք էթնիկ զտման մասին: Ադրբեջանցիները մեղադրում են ձեզ, որ դուք փոխել եք Ղարաբաղի ինքնությունը, ոչնչացրել եք գերեզմանները, մզկիթները, անունն եք փոխել՝ Արցախ կոչելով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գերեզմաններ չեն ոչնչացվել: Վերջերս Լեռնային Ղարաբաղում ամենաբարձր ժամանակակից տեխնոլոգիաներով Շուշիում մզկիթ վերանորոգվեց: Եվ մզկիթները Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պահում են առանձնահատուկ ուշադրության ներքո: Եվ եթե Դուք գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ, եթե, իհարկե, ադրբեջանցիները այն չեն հրթիռակոծել: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Որովհետև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայկական եկեղեցին, թիրախային հրթիռային հարվածների արժանացավ և հիմա կիսավեր վիճակում է:
Al Jazeera - Ես արդեն այցելել եմ Շուշի, տեսել եմ մզկիթը և նկարահանել: Ադրբեջանը ձեզ մեղադրում է, որ դուք վերակառուցել եք և մզկիթի ինքնությունը փոխել եք՝ ոչ թե կրոնական, այլ պատմական առումով: Ըստ Ադրբեջանի՝ այն ուներ իր պատմական ինքնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես գիտեմ, որ մզկիթը վերականգնվել է շիա հոգևորականների և մասնագետների հսկողության ներքո: Եվ չէր կարող ուղղակի այլ կերպ լինել: Այսինքն՝ մուսուլման հոգևորականների, աստվածաբանների և մասնագետների հսկողության ներքո է այն վերականգնվել, նրանց խորհուրդներով և նրանց նախագծերով է վերականգնվել:
Al Jazeera – Ադրբեջանցինե՞ր են եղել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Էլի եմ ասում՝ այդ ամենը տեղի է ունեցել մասնագետների հսկողության ներքո: Այդ մասնագետները Հայաստանից և Ղարաբաղից չեն եղել, նրանք եղել են արտերկրից: Ես չեմ կարող ասել, որ ադրբեջանցիներ են եղել: Բայց, որքան գիտեմ - իմ գիտելիքները շատ մեծ չեն այդ բնագավառում, ցավոք - դա շիա ուղղության մզկիթ է, և շիա հոգևորականներ և մասնագետներ են, ովքեր մեր բարերարներին ուղղորդել են՝ մասնագետներ ներգրավել և այդ վերականգնումն իրականացնել:
Al Jazeera - Արդեն երեք անգամ հրադադար է հայտարարվել Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ է այն ամեն անգամ ձախողվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Ադրբեջանը խախտում է այդ հրադադարը: Որովհետև և՛ Ադրբեջանը, և ՛ Թուրքիան, ըստ էության, հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները: Եթե մենք հրապարակային հայտարարություններին հետևենք, ակնհայտ կդառնա, թե ինչն է պատճառը, որ չեն դադարում ռազմական գործողությունները: Որովհետև՝ երբ մենք արձանագրենք փաստերը՝ կարևոր և հիմա արդեն միջազգայնորեն ճանաչված փաստ է, օրինակ, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը նախաձեռնելու համար: Եվ ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար:
Al Jazeera - Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, որ որևէ փաստ չեք ներկայացրել, որ հակամարտության գոտում կան վարձկաններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա համացանցը հեղեղված է այդպիսի փաստերով, տեսանյութերով: Ընդ որում՝ գիտեք, որ հեռախոսով արված տեսանյութերը հնարավորություն են տալիս որոշակի ծրագրերով իրենց գեոլոկացիան ճշտել, թե դա որտեղ է տեղի ունեցել: Եվ մենք տեսնում ենք, որ ահաբեկիչներն իրենց ահաբեկչական ակտից հետո նկարահանումներ են իրականացրել: Այդ նկարահանումները հայտնվել են համացանցում, և այդ գեոլոկացիայով մենք կարողանում ենք ապացուցել և տեղորոշել, թե որտեղ է արվել այդ նկարահանումը: Եվ, ընդհանրապես, մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել: Բայց նույնիսկ մինչև մեր ներկայացումը՝ արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, նաև Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել և ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործում են վարձկաններ և ահաբեկիչներ: Ես կարծում եմ՝ այդ թեման արդեն միջազգայնորեն հաստատված փաստի կարգավիճակ ունի, և սրանով ամեն ինչ ասված է:
Al Jazeera - Իշխանության գալուց հետո Դուք քաջ դիրքորոշում հայտնեցիք և ասացիք, որ պետք է աշխատել այնպիսի լուծում գտնել, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է բանակցությունների միջոցով հասնել լուծման, որն ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո՛, ես այդ բանաձևն առաջարկել եմ: Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի այնպիսի լուծում պետք է գտնենք, որ ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ, այո՛, ես բանակցություններում ներգրավված առաջին ղեկավարն եմ ընդհանրապես, որ զբաղվում է հարցով, ով ասում է, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի կողմի համար: Բայց ինչո՞ւ մենք առաջ չգնացինք այդ ճանապարհով: Որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվեց որդեգրել այս նույն բանաձևը: Որովհետև նրանք հիմնվել են այն տրամաբանության վրա, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այս դիրքորոշումն է, որ բերել է այսպիսի իրավիճակի:
Al Jazeera - Դուք ասել եք, որ պատրաստ եք ցավոտ փոխզիջումների: Ինչի՞ մասին է խոսքը:
Վարչապետ նիկոլ Փաշինյան – Ես 2 օր առաջ (հոկտեմբերի 26-ին) ասել եմ, որ Հայաստանը, այո, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խնդիրը՝ ինչ է նշանակում փոխզիջում: Փոխզիջում նշանակում է՝ քո դրած նշաձողից որոշակիորեն նահանջելու պատրաստակամություն, այսինքն՝ քո դրած նշաձողը ցածրացնելու պատրաստակամություն: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը համաձայնվում է ցածրացնել այդ նշաձողը՝ ընդունելի դաշտ ձևավորելու համար, այս նոր նշաձողն արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և նա պահանջում է ավելին:
Al Jazeera - Ի՞նչ նշաձող նկատի ունեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ընդ որում՝ սա նորություն չէ, սա երկար տարիների շարունակական քաղաքականություն է: Ես Ձեզ կարող եմ բերել հետևյալ օրինակը. 2011 թվականին Կազանում տեղի ունեցածը, կարծում եմ, ամենաշատն է ցույց տալիս իմ նշած օրինակը: Ես արդեն ասացի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը: Եվ, ըստ էության, դա այն նշաձողն է, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը և հայ ժողովուրդը դնում են: 2011 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որպեսզի տարածքները հանձնի Ադրբեջանին: Եվ այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:
Al Jazeera - Դուք խոսում եք փախստականների վերադարձի մասին՝ միայն Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից, Ադրբեջանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Խոսում ենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և ընդհանրապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին: Եվ սա բավական լուրջ նշաձողի իջեցում է: Այս նշաձողի իջեցման արդյունքում ձևավորվել էր փաստաթուղթ, որը, ըստ էության, համաձայնեցված էր արդեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ընդունել այս փաստաթուղթը: Եվ այս պրոցեսը ցույց է տալիս, թե ինչու հարցը չի կարգավորվել: Որովհետև ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է իր դիրքերից, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար:
Al Jazeera - Ռուսաստանի դիրքորոշման մասին: Նախագահ Պուտինն ասել է, որ կողմերից որևէ մեկի կողքին չի լինելու: Ի՞նչ կասեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է՝ միջնորդ երկիր է, և իր կարգավիճակի բերումով պետք է որոշակի չեզոքություն պահպանի: Եվ դա հասկանալի է:
Al Jazeera - Հայաստանում հնչում են գնահատականներ, որ Ձեր՝ իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ կապը, որը նախկինում եղել է ավելի մտերիմ և դաշնակից Հայաստանի հետ, թուլացել է, որ Դուք ավելի կողմ եք եղել Արևմուտքին, և դա փոխել է վիճակը: Ինչպե՞ս եք արձագանքում այդ մեղադրանքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, դա անհեթեթ մեղադրանք է: Որովհետև Ռուսաստանը ինչպես եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հարցում Ռուսաստանը չեզոքություն չունի: Ռուսաստանի իշխանությունները և նախագահ Պուտինը մի քանի անգամ հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանն իր անվտանգային պարտավորությունները կկատարի: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին: Ղարաբաղի հարցում, ես արդեն ասացի, նախկինում էլ հենց Մինսկի խմբի ձևավորման օրից Ռուսաստանը եղել է համանախագահող երկիր, միջնորդ երկիր և այդպիսով ունեցել է որոշակի չեզոքություն պահպանելու պարտավորություն: Եվ մինչև հիմա նրա այդ կարգավիճակը չի փոխվել:
Al Jazeera - Ի՞նչ հարաբերություններ ունեք Արևմուտքի հետ: Մարտական գործողությունների սկսելուց ի վեր Դուք ԱՄՆ նախագահի հետ չեք խոսել: Ձեր կարծիքով՝ դա որևէ բան մատնանշո՞ւմ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես խոսակցություններ եմ ունեցել և մշտական կապի մեջ եմ Ֆրանսիայի նախագահի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի հետ: Մենք ընդհանրապես այս ընթացքում աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք միջազգային հանրությանը տեղի ունեցողի էությունը:
Իսկ տեղի ունեցողի էությունը հետևյալն է, և մենք պետք է վստահաբար ասենք, որ առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա: Եվ կրկին ուզում եմ արձանագրել, որ Թուրքիան, արդեն իսկ միջազգայնորեն ընդունված փաստի հիման վրա, վարձկանների և ահաբեկիչների է վարձել և տեղափոխել հակամարտության գոտի: Թուրք բարձրաստիճան զինվորականներն ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ, թուրքական զինուժը և ռազմական տեխնիկան ընդգրկված է Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ, և ցանկանում եմ ընդգծել, որ սա ամենևին պատահականություն չէ:
Սա, իմ գնահատմամբ, Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտումն է, և մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականությունը: Տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում և Հարավային Կովկասում: Թուրքիան իրականացնում է Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականություն: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ այն էքսպանսիան, որ հիմա փորձ է արվում իրականացնել դեպի Միջերկրական, Հարավային Կովկաս, Սիրիա, Իրաք, ամբողջ արաբական աշխարհը Թուրքիան դիտարկում է որպես պոտենցիալ Օսմանյան կայսրության հպատակ:
Եվ ես որևէ կասկած չունեմ, որ եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպան և արաբական աշխարհը պատշաճ գնահատական չտան այս իրավիճակին և պատշաճ չարձագանքեն այս իրավիճակին, մենք կտեսնենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հարավ: Եվ ուրախ եմ, որ կան բազմաթիվ արաբական երկրներ, ովքեր ճշգրիտ են գնահատում աշխարհաքաղաքական իրավիճակը և իրականացնում են անհրաժեշտ քաղաքական կանխարգելման, ռազմավարական կանխարգելման քայլեր:
Al Jazeera – Ադրբեջանը հայտարարում է, որ Դուք հողերի կորուստ եք ունենում: Այդ հողերը կարո՞ղ եք վերականգնել, թե՞ ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես երեկ (հոկտեմբերի 27-ին) ուղերձով եմ հանդես եկել և ասել եմ հետևյալը. ըստ էության, Լեռնային Ղարաբաղը՝ չճանաչված պետությունը, այսօր պայքարում է միջազգային ահաբեկիչների, Ադրբեջանի, Թուրքիայի օդուժի և հատուկջոկատայինների դեմ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նաև Պակիստանից են հատուկջոկատայիններ մասնակցում այդ կռվին: Եվ ակնհայտ է, որ այդ հարձակումը նպատակ ուներ բլիցկրիգով արագ վերցնել Լեռնային Ղարաբաղը: Բայց մեկ ամիս չճանաչված փոքր հանրապետությունը պայքարում է ահռելի միջազգային ուժի դեմ և մինչև օրս կանգուն է: Եվ պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու է Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը: Որովհետև այն, ինչ Դուք նշում եք՝ Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք ավելի ու ավելի են խրվելու այնքան ժամանակ, մինչև չճանաչեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը, և մինչև կառուցողական դաշտում մենք բոլորով դիվանագիտական լուծմանը հասնելու անկեղծ ջանքեր չգործադրենք:
Al Jazeera - Մարտական գործողությունների մասին տեղեկատվության թափանցիկության վերաբերյալ: Կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե Ադրբեջանն ինչ է վերցրել հսկողության տակ: Որքանո՞վ եք թափանցիկ այդ առումով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք մեր հանրությանը ներկայացրել ենք քարտեզներ, և մենք մեր հանրությանը տալիս ենք անհրաժեշտ տեղեկատվությունը: Մեր հանրությունը տեղեկացված է ամեն ինչի մասին: Նույնը չեմ կարող ասել, վստահ չեմ՝ Ադրբեջանի հանրության պարագայում: