Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Առանձին ուղղություններով ընթացել են ինտենսիվ մարտեր: Կենտրոնական ուղղության մեկ-երկու դիրքերի վրա կիրառելով հրետանի, հրետակոծելով Մարտունի քաղաքը՝ Ադրբեջանին հաջողվել է ունենալ դիրքային փոփոխություններ:
Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ - Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հետ վերցնել հակառակորդից մարտական դիրքեր, ապահովել առաջխաղացում:
Մարտերը շարունակվում են, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ: Հակառակորդի վերահսկողության ներքո հայտնված բնակավայրերից բնակչությունը ժամանակին տարհանվել է: Տարածվել է տեղեկություն, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են հարված հասցնել Արցախի և Հայաստանի ուղղությամբ: Արծրուն Հովհաննիսյանը նման տեղեկություն չունի:
Ի՞նչ առաջընթաց կա դիվանագիտական դաշտում՝ Ժնևում Մնացականյան-Բայրամով հանդիպումից հետո: Մասնավորապես, կա պայմանավորվածություն՝ մեկ շաբաթվա ընթացքում Կարմիր խաչին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին փոխանցել ռազմագերիների ցուցակը՝ նրանց տեսակցելու և փոխանակելու նպատակով:
Ուսումնասիրվում են ֆոսֆորային զինատեսակների կիրառության հետևանքները: Ադրբեջանն ընտրովի, շատ հաճախ ճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: Արցախը հատուկ նպատակ չունի թիրախավորել Ադրբեջանի խաղաղ բնակչությանը:
Ո՞ր դեպքում կլինի հրադադար: Մի քանի փորձ եղավ, բայց Ադրբեջանն այդպես էլ խելքի չի գալիս՝ նույնիսկ միջազգային հանրության պնդումներից հետո: Միջազգային կառույցները փաստել են՝ պատերազմն սկսել է Ադրբեջանը, մինչև չլինեն վերիֆիկացիայի մեխանիզմներ, հրադադար չի կարող լինել: