Այսօր վաղ առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ եղել են փոքր խմբերով, օջախային հարձակումներով, տեղ-տեղ կիրառել են հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ։
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ամբողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած որոշակի մարտական գործողություններին։ Նա նշեց՝ այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։
«Ինչպես այսօր տեսաք, մենք ցուցադրեցինք երկրորդ վարձկան ահաբեկչին, որը ևս խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել, խնդրավորվել և կիրառվել իր հրոսակախմբերի մյուս մասնակիցների ու վարձկանների հետ, ինչ և ինչպես են ադրբեջանցիները նրանց օգտագործում մեր դեմ։ Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողություններում։
Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների, թե որտեղ, որ տեղամասում, ինչպես է նրանց առաջադրանք տրվում, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և այսպես ասած, հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,- ասաց Հովհաննիսյանը։