ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմում նկատելի զարգացումների վերաբերյալ հարցին, մասնավորապես՝ թուրք բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերն Ադրբեջան, ինչպես նաև Արցախում թուրքական նոր ուժերի ներգրավվածությանը, ասաց.
«Շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության և մասնակցության հարցը, և թե ինչ նշանակություն ունեն Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները։ Ես մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ, փաստացի Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին, թուրքական գլխավոր շտաբին, և այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժերն այլևս գոյություն չունեն։
Դեռ 2020 թվականի ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ գործողություններ ու արդյունքներ դրսևորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, դրանից հետո Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը մաքսիմում վերցնելով ադրբեջանական զինված ուժերի կառավարումը»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այս պատերազմի ընթացքում շատ ադրբեջանցիների, ինչպես նաև միջազգային որոշ փորձագետների կողմից հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, տեխնիկական, նորարարական բաղադրիչը՝ ավելի շատ ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ։ Հովհաննիսյանը շեշտեց, որ դրանք ավելի շատ թուրքական են, իսրայելական և հիմնականում թուրքական զինված ուժերի կառավարման ներքո։
«Ադրբեջանի՝ գոյություն չունեցող ԶՈՒ ղեկավարությանն անակնկալներ են սպասվում»,- ասաց Հովհաննիսյանը։