Արցախցի այս ընտանիքներն իրենց տան դուռը ժամանակավոր են փակել, եկել Հայաստան՝ մինչև թշնամին վերջնականապես կհասկանա, որ անզոր է արցախցուն հանել տնից ու հայրենազրկել նրան: Սա նաև վստահեցնում է առաջնագծում կռվող երկու զինվորի հայրը: Նա հարևանների հետ գիշերն է տեղափոխվել Երևան:
Գարեգին Ասատրյան (Արցախի բնակիչ) - Որպես զինվորի հայր, որպես սպայի հայր` հաղթելու ենք: Ղարաբաղցին կողը հաստ մարդ ա, եթե ասաց, ուրեմն՝ պահելու է իր տունը, իր տեղը, իր հայրենիքը:
Արցախցի ընտանիքներին կացարանով ապահովելու գործընթացը կազմակերպում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցեում: Այստեղ դիմավորում են, գրանցում, ապահովում առաջին անհրաժեշտության պարագաներով, գիշերակացի տեղ տալիս, 24 ժամում տեղավորում ընտանիքներին:
Խաչիկ Դավթյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ավագ մասնագետ) - Առավելագույնը 24 ժամ են մնում այստեղ, գիշերակացի համար է, կացարանը գտնում ենք ու ուղարկում:
Սոցապնախարարությունն արցախցի ընտանիքների համար կացարան գտնում է Երևանում, նաև՝ մարզերում: Աշխատում են 24 ժամ, երկու թեժ գիծ ունեն, ոչ մի զանգ անպատասխան չեն թողնում` վստահեցնում է նախարարության ներկայացուցիչը:
Խաչիկ Դավթյան - Բացառություններ չկան, բժիշկ կա, որ ստուգում է, ջերմաչափում, եթե պետք ա, տեղափոխում ենք հիվանդանոց:
Արցախցիներին օգնում են նաև կամավորները: Սկաուտական խմբի անդամները երեխաներին մենակ չեն թողնում:
Նաիրա Խոջոյան (կամավոր) - Կամավորներն այստեղ օգնում են 24 ժամ, մենք աշխատում ենք երեխաների հետ, միշտ իրենց հետ ենք լինում:
Գևորգը` Ճարտարի, Հովհաննիսյան քույրերը` Մարտակերտի աշունն են պատկերում սպիտակ թղթի վրա: Մինչև կմեկնեն ժամանակավոր իրենց կացարան, զրուցում են նաև հոգեբանի հետ:
Սյուզաննա Բաբայան (հոգեբան) - Գալիս են բազմաթիվ երեխաներ, հիմնական նպատակը երեխաների վատ տրամադրությունը ցրելն է, լարվածությունը նվազեցնելը: Նկարում են, խաղեր ենք կազմակերպում, ու, թվում ա՝ հաջողվել է, չէ՞, դե լսի, գնացել ենք դրոշակը բարձրացրել:
Փոքրերի խմբում նաև Գրիշան է, երեք եղբայրները դիրքերում պայքարում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ: Հինգ երեխաների մայրը մեկ խնդրանք ունի, այն էլ՝ միջազգային հանրությունից: Աշխարհին կոչ է անում կանգնեցնել թշնամուն:
Լաուրա Առաքելյան (Արցախի բնակիչ) - Ցեղասպանություն ա, մեծ-փոքր` չեն նայում... Թաղավար գյուղից եմ, մեր գյուղ էլ են մտել էդ ոչխարները, ոճրագործները: Նրանք Աստված չունեն, Աստված չեն հասկանում: Ծնկաչոք աղաչում եմ՝ նրանց կանգնեցրեք, կանգնեցրեք:
Երեք զինվոր տղաները դիրք բարձրանալուց առաջ վստահեցրել են մորը՝ Արցախի դեմ վայրագություններ իրականացնող թշնամուն ջարդելու են: