Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Բաքու՝ գործընկերների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները, այդ թվում՝ կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։ Հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ արտգործնախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ պայմանագրի համաձայն` Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին անդրադարձել են միջազգային առաջատար լրատվամիջոցները: Գերմանական «Դոյչե Վելեն» ընդգծում է, որ ռազմավարական դաշնակցին նամակն ուղարկվել է այն ժամանակ, երբ արդեն չորրորդ անգամ խախտվել է հրադադարի պայմանավորվածությունը: France 24-ը նույնպես նշում է, որ դաշնակցին ուղղված նամակը հաջորդել է հերթական հրթիռակոծություններին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակել բանակցությունները, ռազմական գործողությունների ընթացքում առավելագույնս խնայել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները: Գլխավոր քարտուղարը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու մասին: Գուտերեշը նաև հայտարարություն է տարածել, որտեղ ամբողջ աշխարհին է հորդորում հրադադար պահել՝ բոլոր պատերազմական գոտիներում՝ հատկապես COVID-19-ի տարածման օրերին:
Աշխարհահռչակ հայ երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Թվիթերի մի քանի գրառմամբ աշխարհի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա: «Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործություններն Արցախի քաղաքների վրա այն բանից հետո, երբ Ժնևում ստորագրել է քաղաքացիական անձանց վրա չկրակելու համաձայնության տակ: Ստախոսներ, մարդասպաններ, սատանաներ»,- գրել է Թանկյանը: Մեկ այլ գրառմամբ երաժիշտն առաջարկում է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: