ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հումանիտար հրադադարի՝ արդեն երրորդ պայմանավորվածության ձախողմանը:
Հարցին՝ ինչու երեք անգամ էլ այն ձախողվեց, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Որովհետև Ադրբեջանը խախտում է այդ հրադադարը: Որովհետև և՛ Ադրբեջանը, և ՛ Թուրքիան, ըստ էության, հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները: Եթե մենք հրապարակային հայտարարություններին հետևենք, ակնհայտ կդառնա, թե ինչն է պատճառը, որ չեն դադարում ռազմական գործողությունները: Որովհետև՝ երբ մենք արձանագրենք փաստերը՝ կարևոր և հիմա արդեն միջազգայնորեն ճանաչված փաստ է, օրինակ, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը նախաձեռնելու համար: Եվ ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե որևէ փաստ չի ներկայացվել հակամարտության գոտում վարձկանների գոյության մասին, Փաշինյանը հակադարձել է, թե համացանցը հեղեղված է նման փաստերով, տեսանյութերով:
«Հեռախոսով արված տեսանյութերը հնարավորություն են տալիս որոշակի ծրագրերով իրենց գեոլոկացիան ճշտել, թե դա որտեղ է տեղի ունեցել: Եվ մենք տեսնում ենք, որ ահաբեկիչներն իրենց ահաբեկչական ակտից հետո նկարահանումներ են իրականացրել: Այդ նկարահանումները հայտնվել են համացանցում, և այդ գեոլոկացիայով մենք կարողանում ենք ապացուցել և տեղորոշել, թե որտեղ է արվել այդ նկարահանումը: Եվ, ընդհանրապես, մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել: Բայց նույնիսկ մինչև մեր ներկայացումը՝ արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, նաև Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել և ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործում են վարձկաններ և ահաբեկիչներ: Ես կարծում եմ՝ այդ թեման արդեն միջազգայնորեն հաստատված փաստի կարգավիճակ ունի, և սրանով ամեն ինչ ասված է»,- մանրամասնել է նա: