1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի դեպքերի քրոնիկոնը:
Չեմ կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին ու ծննդատունը․ Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ուսումնասիրվում են հակառակորդի կողմից ֆոսֆորային արգելված զինատեսակի կիրառության հետևանքները։
«Այսօր առավոտյան Ստեփանակերտի, օրվա ընթացքում՝ Մարտունու ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության դեմ կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա։ Ուզում եմ ֆիքսել, որ Ադրբեջանը շատ հաճախ ընտրովի գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը։Արցախի ԶՈՒ սպառազինության կազմում գտնվող հաճախ հին, սովետական արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում, և խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել նաև խաղաղ բնակչությունը։ Որի առիթով Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն արեց, և Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործողություն իրականացնել։ Սակայն Ադրբեջանը, ունենալով գերճշգրիտ զինատեսակներ, որոնք կարող են ունենալ մեկ-երկու մետրի շեղում, քաղաքացիական օբյեկտներ է թիրախավորում. Ստեփանակերտի ծննդատուն, Մարտակերտի հոսպիտալ, Ստեփանակերտի հոսպիտալ, Շուշիի եկեղեցի։ Չեմ կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին ու ծննդատունը»,- նշել է Հովհաննիսյանը։
Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ին հաջողվել է հետ վերցնել որոշակի դիրքեր․ Հովհաննիսյան
«Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։ Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ։ Մասնավորապես՝ կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում՝ միաժամանակ հետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ։ Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերին հաջողվել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա էլ մարտերը շարունակվում են:
Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն․ ՊԲ
«ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն»,- հայտնել է Պաշտպանության բանակը:
Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը: «Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը»,- գրել է Հովհաննիսյանը։
Ադրբեջանական կեղծիք՝ մանկամտության մակարդակի կեղծիքը հերքող տեսանյութ
Տեսանյութ
Հակառակորդի կորուստները. 31.10.20 18։00
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներն է ներկայացրել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Վերջին տվյալների համաձայն՝ խոցվել են 239 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 656 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, հակառակորդի զոհերի թիվը 6947 է:
Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ՝ գիշերային տեսանելիության սարքերով․ մերօրյա հերոսները
Պաշտպանության բանակը ներկայացրել է նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներ:
Տեսանյութ
Առնվազն 4 հայ ռազմագերի մինչև սպանվելը դաժան վերաբերմունքի է արժանացել. ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ ադրբեջանական սոցիալական մեդիայում նոր տեսանյութ է տարածվել, որում երևում են 19 հայերի մարմիններ․ մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ: ՄԻՊ-ն ընդգծել է, որ ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 ռազմագերի է եղել նախքան սպանվելը։ Բեգլարյանը նաև գրել է, որ անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Արցախում։
Այսօր հրետակոծության են ենթարկվել Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքները
Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Այդ մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։ Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս: Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը: Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:
Հայկական զինուժը վերահսկում է սահմանային իրավիճակը
Տեսանյութ
Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները․ տեսանյութ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ստեփանակերտում հրթիռակոծվել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի տուն»։
Չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրթիռակոծվել են Ստեփանակերտն ու Շուշին. ԱՀ ՊԲ
Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին՝ տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել են կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Ադրբեջանական կողմը կիրառել է ֆոսֆորային զինատեսակներ․ ԱՀ ՊԲ
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ՝ հայտարարել է ԱՀ ՊԲ-ն, հրապարակելով նաև տեսանյութ:
Հակառակորդը շարունակել է, բացի պաշտպանական բնագծերից, թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակել է, բացի պաշտպանական բնագծերից, թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Հակառակորդին գիշերը չի հաջողվել բարելավել իր դրությունը. Սարումյան
«Գիշերվա ընթացքում հակառակորդը շարունակել է ռազմաճակատի որոշ ուղղություններում հրետանային հարվածներ հասցնել թե՛ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների դիրքերին, թե՛ խաղաղ բնակավայրերին, մասնավորապես, Շուշիին, Քարինտակին: Մարտերի ընթացքում խոցվել են հակառակորդի մեկ տանկ, մեկ ՀՄՄ և 5 ԱԹՍ: Հակառակորդին գիշերն էլ չի հաջողվել բարելավել իր դրությունը, առաջ գալ, զբաղեցնել նոր բնագիծ, ունենալ որևէ հաջողություն: ՊԲ ստորաբաժանումները հուսալիորեն պահում են իրենց բնագիծը և կարող են ճնշել, պատժել հակառակորդի բոլոր գործողությունները»,- ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը հայտնել է «Լուրերի» հետ զրույցում։
ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները
Ժնևում Բաքվի և Երևանի ներկայացուցիչները պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը և ոչ ռազմական թիրախներին: Չսահմանափակելով հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարումը՝ կողմերը պայմանավորվել են անհապաղ կատարել մի շարք քայլեր։