Տղաները Ֆրանսիայից, Իսրայելից պատերազմող հայրենիք են շտապել, հասցրել են նույնիսկ «Ֆրանս 24»-ին ու աշխարհին պատմել ադրբեջանական ագրեսիայի մասին: Ժամեր անց հայրենադարձ կամավորները ադրբեջանական քարոզչամեքենայում դարձան վարձկաններ:
Իրենց զենքը լեզուներն են, տղաներից ամեն մեկը 4 և ավելի լեզու գիտի: Հիմա պատերազմի ճանապարհին հսկում են Արցախ մտնող, այնտեղից դուրս եկող ամեն մեքենա: Ով հայերեն չի խոսում, նրանց հարցուփորձի գործը տղաներին է հասնում: Ճանապարհներն անվտանգ պահելու համար քնում են բաց երկնքի տակ՝ մեքենաներում, ապրելու միջոցներն էլ համեստ են՝ զինվորներից համեստ:
Այստեղ հասնելու և օգնելու համար դերասան Սիփանը, որին Փարիզում Ժան Ռենոյին են նմանեցնում, ներկայացումներն էր թողել.
Սիփան Մուրատեան (Դերասան, Ֆրանսիա) - Չէի ուզում մնալ Ֆրանսիա, տեսնել Ինստագրամի կամ Թվիթերի վրա, և ուզում էի այստեղ լինել մարմնով, հոգով օգնել:
Երաժիշտ մյուս ընկերը Փարիզում է թողել տավիղը, հարվածային գործիքների դասերն ու փոքրիկ աշակերտներին։
Ափօն էլ թողել է ժողովրդական երգերի մշակումների նոր ձայնագրությունները, Սեդրակը՝ ուսումն ու հախճապակիների գործը: Սեպտեմբերի 27-ին տոմս էին գնել ու եկել Հայաստան: Սկզբում արվեստագետների այս թիմի ներկայությունը զարմացրել էր:
Ափօ Սահակեան (Երաժիշտ, Երուսաղեմ) - Դուք ի՞նչ եք անում էստեղ 4 սփյուռքահայ տղա, և կզարմանան, որ մենք ազգասեր ենք, միայն խոսք չէ, և իրենց համար ազգասիրական բաները միայն թուղթի վրա գրած են, իսկ մեր մոտ այդպես չէ:
Սեդրակ Պալեան (Ուսանող, Երուսաղեմ) - Անիմաստ էինք զգում, որ մի բան անեինք։ Օտարության մեջ հայտնվում է, որ մենք տեղ չունենք, առաջին նահատակ գնացողները օտարներն են, և մենք օտար երկրում օտար ենք համարվում:
Ասում են՝ զինվորներն էլ իրենց նման թողել են ամեն ինչ ու սահման շտապել, ուրեմն իրենք էլ էին պարտավոր: Գրեթե բոլոր երկրներից լրագրողների հանդիպել են, իրենք էլ անձնագիր, փաստաթղթեր ստուգելուց հետո նաև հարցուփորձ են անում՝ մարդասիրակա՞ն նպատակներով են Արցախ շտապում:
Սիփան Քէորողլեան (Երաժիշտ, Ֆրանսիա) - Պարզվեց՝ մեր գործը լավ էլ կարևոր է։ Միշտ կան լրատվամիջոցներ, որ ունեն ուրիշ նպատակներ:
Ով էլ իսկապես անաչառ է, սիրալիր ճանապարհում են, ամեն մեկի տվյալները փոխանցում արտգործնախարարություն:
Այստեղի ճանապարհով են անցնում պատերազմի դժվարությունները, մահերն ու վիրավորները: Աչքի առաջով անցնող պատմություններից զատ, նաև թշնամու ուղարկած անկոչ հյուրերն են հանդիպում։
Մենակ չլինելու համար են հասել Հայաստան, ու նույնիսկ եթե զենք բռնելու հերթը իրենց հասնի՝ երկար մտածելու կարիք էլ չկա։ Թշնամու կողմից ահաբեկիչ համարվող կամավորները վստահ են՝ հաղթահարելու և հաղթելու ենք՝ աղոթքով, մի քիչ երգով, նաև՝ ապագայի պլաններ կազմելով:
Սիփանը Հայաստանում միտք ունի սեփական թատրոնը ստեղծել կամ չսպասել պատերազմի ավարտին։
Այստեղ ապրելու ցանկությունը մեծ է. Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքը Երուսաղեմում 100 տարի է՝ հայկական հախճապակու արտադրություն ունի։ Իսկ մինչև ծրագրերն իրականացնելու ժամանակը գա, կմնան ու կապրեն դեպի պատերազմ տանող ճանապարհին, նաև ամեն օր հաղթական բարձունքից այստեղ հասած դրոշ են ստանում: