«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը միանում է հանուն Արցախի «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին՝ Արցախին նվիրված ֆիլմերի մեկամսյա ցուցադրություններով:
Նոյեմբերի 1-ին Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով մեկնարկում է այս նախագիծը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և եվրոպական համարտադրությամբ ստեղծված ֆիլմն աշխարհի քաղաքական քարտեզին գոյություն չունեցող երկրի մասին տպավորիչ կինոպատում է, որն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է Կաննի կինոփառատոնի ընտրանիում:
Մեկնարկային ֆիլմից բացի, նախագծում ընդգրկված են Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի փառատոներում ներկայացված «Վախենալու ոչինչ չկա», Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա», Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» և Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմերը: Այս ծրագրում առանձնահատուկ հնչողություն է ստանում Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի ճնշման տակ հանվեց մոսկովյան կինոփառատոնի ծրագրից:
Կինոյի տանը, որտեղ տեղի կունենան բոլոր ցուցադրությունները, գործում է նաև «Մենք ենք» խորագրով ազդագրերի ցուցահանդեսը: Հայաստանից, Արցախից և Սփյուռքից 20 հեղինակի մոտ 3 տասնյակ գրաֆիկական դիզայնով ստեղծված գործերի վաճառքից գոյացած գումարը ևս կփոխանցվի հիմնադրամին: Ե՛վ ֆիլմերի ընտրանին, և՛ ազդագրերը պատմություններ են պատերազմի և խաղաղության մասին, որոնց բախման սահմանագծում ցնցվում է երկրագունդը: