Հռոմի Պապն այսօր անդրադարձել է Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիային՝ որակելով այն ողբերգություն: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հարյուրավոր հավատացյալներին՝ Հռոմի Պապն ասել է. «Եկեք չմոռանանք Ղարաբաղի մասին, որտեղ այժմ պատերազմական գործողություններ են ընթանում՝ հրադադարի ոչ տևական ընդմիջումներով։ Գնալով ավելի է մեծանում ենթակառուցվածքներին, տներին ու պաշտամունքի կոթողներին հասցված վնասը, ավելի ու ավելի շատ խաղաղ բնակիչներ են տուժում։ Սա ողբերգություն է»:
Նա այսօր էլ կոչ է արել հակամարտող կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից: «Ուզում եմ կրկին հորդորել կողմերին անել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը դադարեցնելու համար։ Բռնի միջոցներով չի կարելի տարաձայնությունները լուծել, դրա համար անհրաժեշտ է միայն բանակցել՝ միջազգային համայնքի աջակցությամբ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր տուժածներին և դիմում եմ բոլոր սրբերին՝ այդ տարածաշրջան խաղաղություն վերադարձնելու համար»,- ասել է Հռոմի Պապը։