Երեկ օրվա ընթացքում և գիշերը հակառակորդը շարունակել է կատարել հարձակման փորձեր: Այս մասին Արցախում՝ «Լուրերի» հետ զրույցում, հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։
«Փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է»,- ասաց Սարումյանը։
Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։
«Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է ինրանց մտահղացումը։ Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները»,- նշեց Սարումյանը։
Նրա խոսքով՝ հակառակորդը շարունակում է հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը՝ խախտելով հրադադարի մասով ձեռք բերված պայմանավորվածությունները։