ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով այն քարտեզների մասին հարցին, որոնք Արցախի տարածքի վրա ցույց են տալիս մարտերը և թե արժե՞ հետևել դրանց, նշեց.
«Մինչև մեր քարտեզների ցուցադրումը դրանք կային ցանցում և մեզ հիմք տվեցին, որ պատրաստենք մեր քարտեզներն ու պարբերաբար թարմացնենք, իրավիճակը փոփոխվելու դեպքում՝ նորից հրապարակենք: Խորհուրդ չեմ տա այլ քարտեզներին հետևել, որովհետև դրանց մեծ մասը կարող են ունենալ հստակ և առարկայական անճշտություններ տարբեր ուղղությունների վերաբերյալ։
Հետևեք մեզ, մենք տալիս ենք վստահելի տեղեկություն»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենք չեն արգելափակում մարդկանց տեղեկատվություն ստանալու հնարավորությունները, եթե դրանք, իհարկե, չեն առնչվում առաջնագծում կոնկրետ մարտական գործողության մեջ ներգրավված զինծառայողներին, որոնց արգելված է համապատասխան ինտերնետ, սմարթֆոններ, տեղեկություն հաղորդող այլ սարքավորումներ օգտագործելը։
«Պատերազմը շարունակվում է, այն հեշտ չէ, ծանր է: Մեր զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, օր օրի ուժեղանում են, մեր զորքը, բանակը, պետությունը, ժողովուրդը կանգնած է ոտքի, սփյուռքն օգնում է մեզ ամեն ինչում, ճշմարտությունը մեր կողմն է, և մենք, միանշանակ, հաղթելու ենք»,- ընդգծեց Հովհաննիսյանը: